Աշխատավարձի չափերը չեն հավասարեցրել սպառողական զամբյուղի արժեքին. Փաշինյանը խաբել է. մաս 76. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա սեպտեմբերի մեկից ծերության թոշակը ավելանում է 1900 դրամով՝ 28600 դրամի փոխարեն դառնալով 30500 դրամ: Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության երեկվա նիստում: Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակներինը՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով:
Իհարկե, առաջին հայացքից կառավարությունը դրական քայլ է անում ու մտածում հանրության մասին, սակայն իրականում այս փաստը ապացուցում է, որ Փաշինյանի խոստումները հերթական անգամ չեն կատարվել: Մասնավորապես, 2021 թվականի օգոստոսի 24-ին Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք պարտավոր ենք արձանագրել մեր հանձնառությունը՝ նվազագույն եւ միջին կենսաթոշակի չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղներին: Այնուամենայնիվ, նվազագույն աշխատավարձի մեր հանձառությունը ստանձնել ենք 85 000 դրամ: Եվ ստանձնել ենք հանձնառություն՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը»:
Նախ արձանագրենք՝ այս պահի դրությամբ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, ծայրահեղ աղքատությունն էլ չի վերացել, եւ ավելին՝ միջին կենսաթոշակի չափերը չեն հավասարեցվել պարենային եւ սպառողական զամբյուղներին, ինչպես խոստացել էր Փաշինյանը, եւ երեկվա փոփոխությամբ եւս մոտարկում չի լինի: Բանն այն է, որ Հայաստանում սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 82 հազար 198 դրամ ամսական կտրվածքով, մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 76 հազար 299 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 44 հազար 431 դրամ՝ ամսական կտրվածքով։ Սրան զուգահեռ՝ ընդգծենք, որ, այս փոփոխություններով, սեպտեմբերի մեկից հանրապետությունում կենսաթոշակի չափը դառնալու է 30500 դրամ, նվազագույն աշխատավարձն էլ շարունակոմ է մնալ 68 հազար դրամ:
Նույն Նիկոլ Փաշինյանը, դեռ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին խոսելով այդ ժամանակվա իշխանությունների կողմից թոշակի ավելացման մասին, նշել էր. «Սերժ Սարգսյանն ու իր եկամուտներն ավելի կարեւոր են, թոշակն էլ կարող է բարձրանալ միայն 300, 500, 1000 դրամով»: Եվ, ահա, այսօր թոշակը բարձրանում է 1900 դրամով: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրկին մանիպուլացնող են եղել, եւ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ քաղաքացիներին»։