ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն Ուկրաինային կաջակցեն այնքան, որքան պահանջվի
Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն կշարունակեն աջակցել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի: Այդ մասին ասված է նրանց հայտարարություններում, որոնք օգոստոսի 24-ին տարածվել են Բրյուսելում Ուկրաինայի անկախության օրվա առթիվ:
«Այսօր Ուկրաինան նշում է Խորհրդային Միությունից իր անկախության 31-րդ տարեդարձը: Դա այն օրն է, երբ նշում են Ուկրաինայի բացառիկ եւ յուրօրինակ պատմությունը, մշակույթը եւ լեզուն: Եվրամիությունն այսուհետեւ Էլ կշարունակի աջակցել Ուկրաինային»,- ասված է հայտարարության մեջ: Կիեւին իր աջակցությունն է հայտնել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Դուք կարող եք շարունակել ՆԱՏՕ-ի աջակցության հույսն ունենալ այնքան, որքան հարկավոր լինի: Ուժեղ եւ անկախ Ուկրաինան կենսականորեն կարեւոր է եվրատլանտյան գոտու կայունության համար»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: