«Փաշինյանի համար 2 մլն դոլարի մեքենա ենք առել. ինքը պետք է գա այս հանդիպմանը». Էդգար Ղազարյան
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը Հանրապետության հրապարակում պատասխանելով լրագրողի հարցին, թե Անկախության շարժումը շարունակակա՞ն է լինելու, թե՞ այսօրվանով է սահմանափակվելու, հետևյալն ասաց. «Այո, շատ երկար է տևելու, երևի մինչև ժամը 10-ը: Այսօր մեր հանրահավաքի հայտը տվել ենք մինչև ժամը 10-ը: Ես ասել եմ, որ մենք մարդկանց ամեն օր գործողությունների բերելու, նրանց մասնակցությամբ ակցիաներ անելու պլաններ չունենք, մեր գործողությունները պլանավորել ենք այնպես, որ հանրահավաքի մասնակիցներին նվազագույն անհանգստություն պատճառենք: Օրինակ՝ այս վայրի ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված, որ մետրոյին մոտ լինի, հրապարակը մեծ լինի, մարդիկ հանգիստ կանգնեն»:
Նա նշեց, որ երթ չի նախատեսվում: Նրա խոսքով՝ եթե Փաշինյանը կառավարության շենքում լիներ, հրապարակում եղած բոլոր ոստիկանները շենքի դիմաց կլինեին. «Քանի որ շենքի դիմաց ոստիկանները քիչ են, դա արդեն նշանակում է, որ ինքը տեղում չէ»:
Էդգար Ղազարյանը շեշտեց, որ պետք է առանձնացնել Գերագույն խորհրդի նիստը՝ Անկախության հանրահավաքից. «Քաղաքական բաղադրիչը ես տեսնում եմ այստեղ՝ այս հրապարակում, և ԳԽ պատգամավորներից կան մարդիկ մեզ հետ հրապարակում»:
Նա ընդգծեց, որ չի եղել «Դիմադրություն» շարժման մի հանրահավաք, որին ինքը չմասնակցի. առաջիկայում էլ չի լինելու. «Այս հանրահավաքը ոչ թե հակադրություն է «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին, այլ փոխլրացնող մի ակցիա է՝ իր առանձին խորհրդով»:
Էդգար Ղազարյանը հանրահավաքի մասնակիցների անունից պետք է փորձի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ. «Ըստ իմ տպավորության, նա հիմա կառավարական շենքից բացակայում է, բայց դա չի նշանակում, որ չի կարող գալ: Մեր հասարակությունն իր համար ձեռք է բերել 2 մլն դոլարի ծառայողական մեքենա: Եթե մենք իր համար 2 մլն դոլարի մեքենա ենք առել, և կարող ենք լեգիտիմ ակնկալիք ունենալ, որ ինքը այդ մեքենաները նստի և որտեղ էլ լինի՝ գա: Եթե հեռու գնացած լինի, ուղղաթիռ ունի, որը չեն քշում, մնում է՝ փչանում է: Ինքը պետք է գա այս հանդիպմանը, որովհետև այս հանդիպման գլխավոր շահառուն Նիկոլ Փաշինյանն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում