Բաժիններ՝

«Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման վարույթով 9 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ թմրամիջոցների իրացման մեխանիզմը, հանցավոր խմբավորման անդամներից 9-ի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակչուհին, 2020թ. ապրիլից մինչև 2022թ. հունվարը, իր հետ փաստացի ամուսանական հարաբերությունների մեջ գտնվող 24-ամյա երիտասարդի հետ կազմակերպել և ղեկավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորում:

Վերջիններս «Տելեգրամ» հավելվածում ստեղծել են էջեր, որոնք կառավարել են ինչպես անձամբ, այնպես էլ՝ խմբավորման մեջ ներգրավված մի շարք անձինք:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ, թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել են թմրամիջոցների ապօրինի շրջա­նառությամբ զբաղվող «Ivery Organics» անվամբ էջ, դրա միջոցով իրականացրել թմրամիջոցների ապօրինի վաճառք՝ էջում տեղադրելով թմրամիջոցների տեսակների, որակական հատկանիշների և դրանց ձեռք բերման պայմանների վերաբերյալ տեղեկություններ պարունակող գովազդային լուսանկարներ:

Այնուհետև, թմրա­միջոցներն առանձ­նացրել են ըստ տեսակի և քաշի, ապա դրանք փաթեթավորել և տեղադրել Երևանի քաղաքի և ՀՀ տարբեր մարզերի տարածքներում գտնվող թաքստոց­ներում, լուսանկա­րել դրանց գտնվելու վայրերը, նշել կոորդի­նատ­ները և դրանք ուղարկել իրենց կողմից բացված և կառավարվող «Ivery Organics» անվամբ առցանց խանութի էջին: Տելեգրամյան ալիքի աշխատանքի և հաճախորդների քանակի ավելացմանը զուգահեռ, ամուսիններն իրենց կողմից ստեղծված ու ղեկավարվող հանցավոր կազմակերպության մեջ են ներառել այլ անձանց ևս, ովքեր, համաձայն դերաբաշխման, կատարել են տարբեր աշխատանքներ. նրանցից մեկը ստանձնել է «Ivery Organics» անվամբ էջի տնօրենի պարտականությունները՝ օգնելով «հաշվապահական» հարցերում, կատարելով հաշվարկ­ները և վճարելով հանցավոր կազմակերպության անդամների աշխատավարձերը, ոմանք կատարել են նշված էջի օպերա­տորի աշխատանքը և թմրամիջոցների վաճառքի արժեքի ու ձեռք բերման պայմանների շուրջ նամակագրություններ վարել դրանք գնելու ցանկություն հայտնած բազմաթիվ անձանց հետ, իսկ ուղարկված գումարը ստանալու հանգամանքը հաս­տատ­վելուց հետո հաճախորդներին ուղարկել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի տարբեր հատված­ներում գտնվող թաքստոցներում նախապես տեղադրված թմրամիջոցների տեղա­կայման վայրերի լուսանկարները՝ ճշգրիտ կոորդինատներով, մասնակիցներից մեկը հետևել է առաքիչների և փաթեթա­վորողների ընդհանուր աշխա­տանքին, իսկ մյուսը՝ կատարել է առաքիչի աշխատանք, այն է՝ կազմակերպիչների կողմից նախապես նշված վայրից վերցրել է տեղադրված թմրանյութերի փաթեթները, տեղադրել տարբեր վայրեում, լուսանկարել դրանք և ստույգ կոորդի­նատների հետ միասին ուղարկել վերը նշված էջին, իսկ աշխատանքներում ընդգրկված անձանցից մեկը, փաթեթավորել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց պարունակող կոնֆետները և թխվածքաբլիթները, որոնք ևս գովազդվել ու վաճառվել են «Ivery Organics» տելեգրամյան էջի միջոցով։

Երիտասարդ զույգի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպության մեջ ներառվել է նաև «Տելեգրամ» հավելվածում «Tiin» անվամբ գրանցված անձը, ով պարտավորվել է տրամադրել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ «Ivery Organics» էջի միջոցով վաճառելու նպատակով, ինչից հետո վաճառվող թմրամիջոցների մի մասը ձեռք են բերվել նշված անձից:

Հանցավոր խմբավորման աշխատանքները հստակ իրականացնելու նպատակով կազմակերպիչները «Տելեգրամ» հավելվածում ստեղծել են «Штаб» անվամբ խումբ, որտեղ խմբավորման ղեկավարները հանդես են եկել «Бoсс» և «Rich» անուններով՝ խմբում ընդգրկելով նաև «Kali», «Таня», «Drake Carleone», «PON», «Ivoryoperator» անվամբ էջերն ու խմբի՝ ինչպես անձը չպարզված, այնպես էլ՝ հայտնի անդամներին, տեքստային և ձայնային հաղորդագրությունների միջոցով, տվել են հստակ ցուցումներ՝ աշխատանքները կազմակերպելու նպատակով:

2022թ. հունվարի 6-ի գիշերը խմբի անդամներից մեկն իր տելեգրամյան էջին հերթական անգամ ստացել է կարգադրություն, որի համաձայն՝ կազմակերպիչների կողմից նախապես նշված վայրից՝ Երևան քաղաքի Այգեձոր թաղամասում գտնվող, հանցավոր կազմակերպության համար որպես գրասենյակ ծառայող առանձնատնից վերցրել է խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրանյութով լցված 28 փաթեթ, որոնք պետք է թողներ Երևան քաղաքի Զեյթուն թաղամասում՝ մատնանշված վայրում: Իր մոտ եղած նշված փաթեթ­ներից մեկը թողնելով պայմանավորված վայրում, փորձել է հեռանալ, սակայն ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել. անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 25,22 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունա­կությամբ թվով 27 հատ փաթեթ, իսկ որպես գրասենյակ ծառայող հիշյալ առանձնատնից՝ 2.19 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունա­կու­թյամբ թխված­քաբլիթներ, ընդհանուր 1.12 գրամ «Տետրահիդրո­կաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ շոկոլադե գնդեր և սալիկներ, առանձնապես խոշոր չափերով՝ 125,31 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ 3,97 գրամ քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրա­միջոց, 0,96 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, հանցավոր կազմակերպության ղեկա­վար­ների կողմից վարձակալված Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնա­բերվել է խոշոր չափերով՝ 55,29 գրամ հաստատուն չոր քաշով «Մարի­խուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ ընդհանուր 2,71 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկան­նաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, շոկոլադանման զանգված՝ 0.13 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, 0,1 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, 2 հատ թարմ «Տետրահիդրո­կաննաբինոլ» պարունակող «Կանեփ» տեսակի բույս։

Խմբի երեք անդամների կողմից Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում վարձակալած տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով՝ ընդհանուր 14,5 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ ընդհանուր 7,68 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկա­ննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, իսկ հանցավոր կազմակերպության օպերատորներից մեկի անձական խուզարկությամբ հայտնա­բերվել է 0,56 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարու­նակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց։

Բացի այդ, խմբավորման ղեկավարները, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների հանցա­վոր ծագումը, իրական բնույթը, իրենց պատկանող և իրենց կողմից կառավարվող «Telegram» հեռահաղոր­դակցման հավելվածի «Ivery Organics» խանութ-հարթակի միջոցով վաճառվող թմրամիջոցը գնելու ցանկություն հայտնած անձանց առաջարկել են վճարումը կատարել «Dashqoin» տեսակի կրիպտոարժույթով, ինչի նպատակով վերջիններիս տրամադրել են հիմնականում մեկանգամյա օգտագործման հաշվեհա­մարներ, ուղղորդել նշված հաշվեհամարին գումար փոխան­ցելու նպատակով նամակագրության միջոցով կապ հաստատել «Telegram» հեռահաղոր­դակցման հավելվածում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող «CryptocellerArmenia», «Armbitcoinbot», ինչպես նաև՝ այլ նմանատիպ հարթակների հետ, վերջիններիս ուղարկել իրենց պատվիրած թմրամիջոցի արժեքին համապատասխան ՀՀ դրամ գումարը և իրենց կողմից հաճախորդին տրամադրված՝ հիմնա­կանում մեկանգամյա օգտագործման «Dashqoin» տեսակի կրիպտոարժույթի դրամապանակի հասցեն՝ թմրամիջոցի համար նախատեսված գումարին համարժեք կրիպտոարժույթը դրան փոխանցելու նպատակով:

Այնուհետև, ստացված կրիպտո­արժույթն իրենց կողմից բացված մեկանգամյա օգտագործման դրամապանակներից փոխանցել են իրենց պատկանող և իրենց կողմից շահագործվող «Dashqoin» տեսակի կրիպտո­արժույթի այլ դրամապանակների, ինչի արդյունքում 2021թ. ընթացքում տարբեր ժամանակահատված­ներում իրենց պատկանած և իրենց կողմից շահագործված «Դաշքոին» կրիպտոարժույթի թվով երեք դրամապա­նակներին ընդհանուր՝ 1165 հատ փոխան­ցումներով ստացել են ընդհանուրը 30.535․666,72797 ՀՀ դրամին համարժեք՝ 380.72 «Dashqoin» տեսակի կրիպտոարժույթ:

Այնուհետև «Ivery Organics» խանութ-հարթակում որպես օպերատոր աշխա­տած անձանց նշված դրամապանակներից վճարվել են աշխատավարձեր՝ կատարված աշխատանքին համարժեք գումարին համահավասար դաշքոին տեսակի կրիպտոարժույթը փոխանցելով վերջիններիս կողմից ստեղծված և նրանց պատկանող «Dashqoin» դրամապանակներին, որից հետո «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում կրիպտո­արժույթի փոխանակմամբ զբաղվող «CryptocellerArmenia», «Armbitcoinbot» և նմանա­տիպ այլ էջերին են վաճառել վերը նշված էլեկտրոնային դրամա­պանակներին ստացված՝ 380.72 «Dashqoin» կրիպտոարժույթը, ապա դրան համա­հավասար 30․535․666,72797 ՀՀ դրամ գումարը ստացել են իրենց կողմից նշած բանկային քարտերին կամ վճարահաշ­վար­կային համակարգերում բացված էլեկտրո­նային դրամապա­նակներին, այդ կերպ փոխարկել, նյութականացրել և կանխիկ գումարների են վերածել թմրամիջոցների վաճառքի արդյունքում գոյացած, հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցները, որոնք բերել են օրինական շրջա­նառության դաշտ և տնօրինել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հանցավոր խմբի երկու կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետե­րով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, խմբավորման յոթ անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Քրեական վարույթով 9 մեղադրյալի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին:

Հանցավոր խմբավորման՝ ինքնությունը չպարզված անդամների, ինչպես նաև թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի (աղբյուրների) մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս