
«Արցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու բոլոր ռիսկերը». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը՝ անվտանգությունից մինչև երկրի բնականոն զարգացում, որոնք այսօր և առաջիկա տարիներին կախված են լինելու Արցախի գլխին։
Այստեղ խնդիրը համակարգային է և նոր իրավիճակներում այն պետք է արմատական վերափոխումների ենթարկվի։
Արցախում առաջիկայում սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սպասվում, որի աշխատանքները դեռ տարեսկզբին են մեկնարկել, սակայն այդ փոփոխությունները, չնայած մի քանի առանցքային վերանայումներ են ենթադրում, սակայն գլխավոր սպառնալիքների դիմակայման, չեզոքացման և ռիսկերի կառավարման խնդիրը չեն լուծում։
ՀՀ-ում 2018-ին սկիզբ դրված Արցախի օտարման գործընթացը, 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքները ու ՀՀ իշխանությունների՝ ԼՂ հակամարտության հարցում ունեցած դիրքորոշումն Արցախին ստիպում է ամբողջությամբ վերանայել ներքին քաղաքականությունից, տնտեսությունից մինչև պետական համակարգում եղած ստատուս քվոն և անցնել ճգնաժամային կառավարման։
Սա ենթադրում է և՛ համակարգային, և՛ գաղափարական, և՛ գլխավոր դերակատարների ռադիկալ փոփոխություն»։