Չեմ պատկերացնում մեր կյանքն առանց Աղավնոյի… Իմ երեխայի արցունքների պատասխանը բոլորը տալու են. Թամար Տումպալեան-Թիթիզեան

Այս օրերին օգոստոսի 25-ին Ադրբեջանին հանձնվելիք Աղավնոյից դուրս եկավ նաև հայրենադարձ Թամար Տումպալեան-Թիթիզեանի ընտանիքը: Ամուսնու և դստեր հետ 2017թ. Լիբանանում ապրող Թամարը որոշեց հաստատվել Աղավնոյում:

«Ոչ առիթ կար, ոչ էլ որևէ մեկը պատճառ հանդիսացավ: Պարզապես ցանկացանք մեր երեխային մեր երկրում, մեր հայրենիքում, Արցախում մեծացնել: «Արի» կազմակերպությունը մեզ Աղավնոյում տուն տվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թամար Տումպալեան-Թիթիզեանը:

Դուստրը հիմա 11 տարեկան է. որևէ կերպ չի հաշտվում Աղավնոն լքելու մտքի հետ: Մայրն ասում է՝ Աղավնոյում դպրոց էր գնում, այնտեղ ընկերներ ուներ, գյուղը շատ-շատ էր սիրում:

«Երբ նոր եկանք, ես չէի աշխատում, ամուսինս Աղավնոյի դպրոցում համակարգչային օպերատոր էր: Հետո սկսեցի սուպերմարկետում աշխատել: 2020թ. պատերազմի ժամանակ սուպերմարկետը փակեցին, «Ջենեսիս Արմենիա» կազմակերպությունը մեր գյուղում հացի փուռ բացեց, սկսեցի այնտեղ աշխատել: Փռի պատասխանատուն էի: Տանն էլ լահմաջո, պիցցա, ամեն տեսակի խմորեղեններ ու ուտեստներ էի պատրաստում»,- ասաց տիկին Թամարը:

Լիբանանից հայրենադարձված, Արցախում հաստատված ու կրկին գաղթականի ուղին բռնած կինը շեշտում է՝ երբեք չէր լքի գյուղը, անգամ պատերազմի ժամանակ ոչ մի վայրկյան գյուղից դուրս չեն եկել, զինվորներին են կերակրել:

«Երբ ասացին՝ դուրս պիտի գաք գյուղից, սիրտս պայթում էր: Չեմ պատկերացնում մեր կյանքն առանց Աղավնոյի… Շատ դժվար է, խոսքերով անհնար է բացատրել՝ ինչ եմ զգում: Միայն կասեմ՝ իմ երեխայի արցունքների պատասխանը բոլորը տալու են, բոլոր նրանք, ովքեր պատճառ եղան, որ երեխաս գյուղից դուրս գա»,- ասաց Թամար Տումպալեան-Թիթիզեանը՝ մեզ տրամադրելով երեխայի՝ արցունքից կարմրած աչքերով լուսանկարը:

Լուսանկարը հրապարակում ենք ծնողի համաձայնությամբ:

Մայրն ասում է՝ երեխան շատ ծանր է տանում, շարունակ արտասվում է:

Հարցին՝ ինչպե՞ս դուրս եկան գյուղից, կարողացա՞ն արդյոք տեղափոխել իրերը, տիկին Թամարը պատասխանեց՝ լրագրող Նաիրի Հոխիկյանի օգնությամբ կարողացան տեղափոխվել, մեքենան ինքն է ուղարկել:

Հիմա հաստատվել են Էջմիածնում, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ: Բնակվում են վարձով: Կարմիր խաչը երկու ամիս 70 000 դրամ գումար պետք է տա, դրանով վարձը կտա: Երեխայի դպրոցը տանից հեռու է, ամսական 25 000 դրամ միայն դպրոց տանել-բերելու համար կծախսվի: Ամուսինը հաշմանդամ է, դեղորայքի խնդիր ունեն:

Ինչ վերաբերում է բնակարանի փոխհատուցման հարցին, տիկին Թամարն ասաց՝ մինչև օգոստոսի 25-ն ասել են՝ պետք է բնակարանի գնման սերտիֆիկատ տան:

«Ի՞նչ ենք անելու, չգիտեմ: Ամուսինս հիմա այն վիճակում է, որ անգամ միայնակ ուտել չի կարողանում: Իրեն ներարկումներ էինք կատարում, 2 ներարկում ստացավ, շատ լավ էր, երրորդից հետո լրիվ վատացավ: Հիմա ձեռքերը չեն աշխատում: Ֆիզիոթերապևտիկ բուժումներ են անհրաժեշտ: Ոչինչ չեմ ուզում, միայն օգնեն, կարողանամ ամուսնուս ոտքի կանգնեցնել: Ինքը որ առողջ լինի, մենք ձեռք ձեռքի կտանք, նորից ամեն բան կստեղծենք: Ինքը հիմա հատուկ խնամքի կարիք ունի: Դեղորայքն էլ շատ թանկ է»,- ասաց տիկին Թամարը:

Հ.Գ. Աղավնոյից գաղթած այս ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել տիկին Թամարին՝ 077501924 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս