Եվրոպայի խոշորագույն երկրները հուլիսին ռազմական օգնություն չեն առաջարկել Ուկրաինային. Politico
Եվրոպայի վեց խոշորագույն երկրները հուլիսի ընթացքում ռազմական օգնության որեւիցե միջոցներ չեն առաջարկել Կիեւին, ինչն առաջին դեպքն է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ի վեր: Օգոստոսի 17-ին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով Կիլի Համաշխարհային Էկոնոմիկայի ինստիտուտի տվյալները, որը Ukraine Support Tracker ծրագրի շրջանակներում գնահատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական, ֆինանսական եւ հումանիտար օգնությունը:
Ծրագրի ղեկավար Քրիստոֆ Տրեբեշի խոսքով՝ ապրիլի վերջից նկատվում է Եվրոպայի երկրների կողմից Ուկրաինային ռազմական օգնության ծավալների նվազման միտում:
Տրեբեշը նշել է, որ օգոստոսի 11-ին «Կոպենհագեն–Ուկրաինա-2022» դոնորական խորհրդաժողովի մասնակից երկրները համաձայնության են եկել զենք գնելու համար Կիեւին հատակացնել 1,5 մլիարդ եվրո, սակայն այդ գումարը «չնչին է» թվում «այն բանի համեմատաությամբ, ինչը հնչեցվել է նախորդ խորհրդաժովներում»:
Չնայած այն բանին, որ ռազմական գործողությունները մտել են բեկման փուլ, «օգնության ցուցաբերման նոր նախաձեռնություններն սպառվել են», կարծում է նա:
Տրեբեշը նաեւ նշել է, որ Եվրամիությունը շատ ավելի միջոցներ է ուղղորդում կորոնավիրուսի հետեւանքների հաղթահարման, քան Ուկրաինայի աջակցության համար:
Որպես օրինակ նա վկայակոչել է Եվրոպայի Էկոնոմիկայի վերականգնման հիմնադրամը (RRF), որի տնօրինության տակ է գտնվում 800 միլիարդ եվրո, մինչդեռ «Եվրոպայի ընդհանուր օգնությունն Ուկրաինային այսօրվա դրությամբ կազմում է այդ գումարի սոսկ չնչին մասը»:
«Այդ դիտարկումն այն բանի նշանն է, որ, չնայած եվրոպական պաշտպանական քաղաքականությունում պատմական փոփոխություններին (…) ռազմական օգնությունն Ուկրաինային կարող է կրճատվել հենց այն պահին, երբ Կիեն սկսում է վճռական հակահարձակումը»,- ամփոփում է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: