
Էստոնիան ցանկանում է մինչեւ հոկտեմբերի 10-ը լուծարել ՌԴ ընկերությունների հետ պետգնումների շուրջ կնքված պայմանագրերը

Էստոնիայի իշխանությունները հայտարարել են մինչեւ հոկտեմբերի 10-ը Ռուսաստանի ընկերությունների հետ պետական գնումների շուրջ կնքված պայմանագրերը լուծարելու անհրաժեշտության մասին:
«Այս շաբաթ ուժի մեջ են մտել պետական գնումների շուրջ օրենքում ուղղումները, որոնք դյուրացնում են այն պատժամիջոցների իրագործումը, որոնք Եվրամիության կողմից սահմանվել են ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ: Ռուսաստանի հետ կապված ձեռնարկատերերին չի թույլատրվում մասնակցել մեր պետական գնումներին»,-օգոստոսի 17-ին հայտարարել է պետական կառավարման նախարար Ռիինա Սոլմանը:
Նա պարզաբանել Է, որ արգելվում է պայմանագրեր կնքել պետգնումների շուրջ կամ կատարել Ռուսաստանի քաղաքացիների, ՌԴ-ից ձեռնարկատերերի, հաստատությունների կամ այլ իրավական անձանց հետ արդեն կնքված այդ տեսակի պայմանագրերը: Նաեւ վերը թվարկված կառույցները չեն կարող լինել մատակարարներ կամ կապալառուներ: Արգելված է նաեւ մատակարարումների մասին պայմանագրերի կնքումը կամ դրանց երկարացումն այն դեպքում, եթե ձեռնարկատերն ինքը չի գտնվում պատժամիջոցների ներքո կամ կապված չէ պատժամիջոցների ներքո գտնվող ձեռնարկության հետ, բայց մատակարարում է ապրանք, որի նկատմամբ գործում են միջազգային պատժամիջոցներ:
Ապրիլի 8-ին Եվրամիությունն ընդունել է սահմանափակիչ միջոցների մասին 2022/576 որոշումը, որը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործունեության հետ: Դրանք վերաբերում են նաեւ պետական գնումների մասին պայմանագրերին: 2015-ից մինչեւ 2021 թվականը Էստոնիայի մատակարարները Ռուսաստանի ձեռնարկությունների հետ 44 պայմանագիր են կնքել մատակարարումների շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: