Զբոսաշրջությունից եկամուտները հուլիսին առաջին անգամ գերազանցել են մինչհամավարակային մակարդակը
Հուլիս ամսին համավարակից հետո առաջին անգամ զբոսաշրջությունից եկամուտները գերազանցել են 2019 թվականի տվյալները, մենք ունենք եկամուտների ռեկորդային մակարդակ: Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարության օգոստոսի 15-ի նիստում:
Զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը հուլիս ամսին կազմել է 476 միլիոն դոլար, ինչը 20 տոկոսով ավելի է 2019 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Իսկ եթե դա համեմատենք 2021 թվականի ցուցանիշի հետ, ապա այն մոտավորապես 130 տոկոսով ավելի է, իսկ ճամփորդություններից ընդհանուր հասույթը հունվար-հուլիսի ընթացքում կազմել է 1,6 միլիարդ դոլար: «Դուք տեսնում եք, որ երկիր են մուտք գործել բազմաթիվ զբոսաշրջիկներ: Այժմ ցանկանում եմ ձեզ ասել, որ հուլիսին ճամփորդություններից եւ զբոսաշրջությունից եկամուտները համավարակից հետո առաջին անգամ գերազանցել են 2019 թվականի տվյալները: Այն ոչ միայն վերականգնվել է եւ հավասարվել, այլեւ գերազանցել է 2019 թվականի տվյալները, իսկ մեզ մոտ եկամտի ռեկորդային մակարդակ է»,-ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով, արտահանման եւ զբոսաշրջության բնագավառում նկատվող միտումները թույլ են տալիս խոսել տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանման մասին: Զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ միջազգային ճանապարհորդների այցերի թիվը Վրաստանում 2022 թվականի հունվար-հուլիսին 214,4 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Երկիրը տարեսկզբից ի վեր յոթ ամսվա ընթացքում ընդունել է 2,3 միլիոն միջազգային այցելուների՝ 52,8 տոկոսով պակաս, քան մինչեւ համավարակը՝ 2019 թվականը, հաղորդել է Sputnik-ը: