Բաժիններ՝

Վիետնամն ԱՄՆ-ին եւ Չինաստանին կոչ է արել չբորբոքելու լարվածությունը Թայվանի նեղուցում

Վիետնամը կողմերին կոչ է անում դրսեւորելու զսպվածություն եւ չբորբոքելու լարվածությունը Թայվանի նեղուցում: Այդ մասին հայտարարել է արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Լե Թի Թու Հանգը, օգոստոսի 12-ին հաղորդել է Վիետնամի լրատվական գործակալությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հավաստել է Թավանի հարցի շուրջ Հանոյի հետեւողական դիրքորոշումը, որը, նրա խոսքով, հստակորեն արտացոլված է համատեղ փաստաթղթերում, որոնք ստորագրվել են Վիետնամի եւ Չինաստանի ղեկավարների բարձր մակարդակով փոխադարձ այցերի ժամանակ:

«Անշեղորեն հետեւելով «մեկ Չինաստանի» սկզբունքին՝ Վիետնամը հուսով է, որ շահագրգիռ կողմերը կդրսեւորեն զսպվածություն, չեն բորբոքի լարվածությունը Թայվանի նեղուցում, ակտիվորեն կնպաստեն խաղաղությանը, կայունությանը, համագործակցությանը եւ զարգացմանը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ասել է Լե Թի Թու Հանգը: Նրա խոսքով՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Չինաստանը Վիետնամի կարեւոր գործընկերներն են:

Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերություններն ազդում են խաղաղության, կայունության եւ բարգավաճման վրա գլոբալ մասշտաբով: «Վիետնամը ցանկանում է, որ երկու երկրները պահպանեն առողջ եւ կայուն հարաբերություններ եւ բոլոր տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Իր կոմից Վիետնամը կշարունակի առաջ տանել հարաբերությունները երկու երկրների հետ, որոնք հիմնված են անկախության, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա՝ ի բարօրություն մարդկանց, հանուն խաղաղության, կայունության եւ բարգավաճման տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ընդգծել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս