Բայդենն օգոստոսի 9-ին փաստաթղթեր կստորագրի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 9-ին փաստաթղթեր կստորագրի, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության համար: Այդ մասին վկայում է ԱՄՆ-ի ղեկավարի գրաֆիկը, որը հրապարակվել է Սպիտակ տան կողմից:
«Օրվա երկրորդ կեսին նախագահը հանդես կգա խոսքով եւ փաստաթղթեր կստորագրի Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության միանալու արձանագրությունները վավերացնելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Միացյալ Նահանգների Սենատը քվեարկել էր (95 կողմ, մեկ դեմ) ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման օգտին: Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը ներկայացրել են մայիսի 18-ին:
Հայտերի քննարկումն արգելափակել էր Թուրքիան, սակայն ավելի ուշ Անկարան հանել է առարկությունը: Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշում է ընդունել սկանդինավյան երկրներին հրավիրել դաշինքի կազմ: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ վավերացման գործընթացը կարող է տեւել մինչեւ մեկ տարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: