Առաջին կիսամյակում 95 տոկոսով ավելի քիչ օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստան

2022 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստան են այցելել 5,85 միլիոն օտարերկրյա քաղաքացիներ. նրանցից զբոսաշրջության նպատակով այցելել է 81,5 հազարը: Այդ մասին վկայում է Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրությունը:

Պարզվել է, որ օտարերկրացիների ժամանումների ընդհանուր թիվն այս կիսամյակի ընթացքում 15,5 տոկոսով պակաս է, քան 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին եւ 61 տոկոսով պակաս, քան 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին:

Զբոսաշրջության նպատակով ժամանումների թիվը 2021 թվականի համեմատությամբ աճել է 21 տոկոսով, բայց անկումը նախահամավարակյան ժամանակաշրջանի դրությամբ գերազանցել է 95 տոկոսը:

Դրա հետ մեկտեղ 2022 թվականի առաջին եռամսյակում մուտքի տուրիստական հոսքը գրեթե 2,5 անգամ բարձր է, քան ապրիլ-հունիսին: 2022 թվականի առաջին կեսին ամենից հաճախ Ռուսաստան են ժամանել Ուկրաինայի քաղաքացիները (1,4 միլիոն):

Երկրորդ տեղում Ղազախստանն է (984,95 հազար), առաջատարների եռյակը եզրափակում է Ուզբեկստանը (933,2 հազար):

Փոփ-5-ի մեջ տեղ են գտել Տաջիկստանը (687,8 հազար) եւ Ղրղզստանը (316,5 հազար): Երկրորդ հնգյակում հայտնվել են Աբխազիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը եւ Թուրքիան:

Զբոսաշրջության նպատակով ամենից շատ հյուրեր ժամանել են Կուբայից (9,8 հազար): Երկրորդ տեղում Թուրքիան է (9,6 հազար), երրորդում՝ Գերմանիան, որտեղից ժամանել են 8,5 հազար ճանապարհորդներ:

Առաջին հնգյակի մեջ մտել են Ղազախստանը (4,7 հազար) եւ Հնդկաստանը (3,5 հազար): Թոփ 10-ը եզրափակել են Ուզբեկստանը (3,2 հազար), ԱՄՆ-ը (3,1 հազար), Սերբիան (2,9 հազար), Հայաստանը (2,8 հազար) եւ ԱՄԷ-ն (2,5 հազար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս