Նախկինների օրոք պետական ապարատում բարձր պաշտոններ զբաղեցրած «դոկտորի» մտքի գոհարները նախկինների մասին
Այսօր արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում, առանց անուն հնչեցնելու, իր տարակուսանքն էր հայտնել 2022 թ. ակադեմիական ինստիտուտի որոշմամբ հրատարակված գիտական մենագրության մեջ տեղ գտած տողերի առնչությամբ:
«Եվ միայն, 2018 թվականին բռնկված համաժողովրդական հեղափոխության շնորհիվ Հայաստանի պետականության անկումը ժամանակավորապես կասեցվեց»,- նշված մենագրությունից հատված էր մեջբերել Գևորգ Դանիելյանն ու արձանագրել՝ խնդիրն այն ճահճոտ հարթության վրա է, որի վրա գտնվում ենք, բայց մտովի մեզ պատկերացնում որպես դրախտի բնակիչներ։ Ընդ որում, կրթական ցենզը ևս վճռորոշ չէ։
Ավելի ուշ պարզվեց, որ նշված մենագրության հեղինակը իրավաբանական գիտությունների դոկտոր Հովհաննես Ստեփանյանն է: Մենագրությունն էլ կոչվում է «Հայոց ազգային պետության սահմանադրական հիմունքները»:
Հետո ավելի «շքեղ գոհարներ» ի հայտ եկան այդ մենագրությունից: Հեղինակը չէր խորշել իր տարիքին, վաստակին ու կոչմանը հարիր գնահատականներ հնչեցնելուց:
Հովհաննես Ստեփանյանին ճանաչող անձինք, պետք է նշել, ապշած էին այն բառապաշարից ու ձևակերպումներից, որ օգտագործել է նա իր մենագրության մեջ: Նշում էին՝ մարդը, իհարկե, կարող է այլ դիրքորոշում ունենալ, բայց գնահատականների մեջ լինել կոռեկտ:
«Ողջ կյանքում աշխատել է պետական ապարատում, երկար տարիներ աշխատել է դատախազությունում, եղել է գլխավոր դատախազության իրավաբանական վարչության պետը, ապա աշխատել է Քննչական կոմիտեում՝ որպես ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խորհրդական: Շատ հարգված անձնավորություն է եղել, համեստ, պարկեշտ: Չէինք կարողանում հավատալ, որ Հովհաննես Ստեփանյանը նման բան կարող է գրած լինել: Ցավում ենք շատ, մենք նրան այլ կերպ ենք ճանաչել»,- ասացին գլխավոր դատախազության՝ 168.am-ի աղբյուրները՝ հավելելով՝ գիտնականին հարիր չէ նման կերպ հանդես գալ:
Ընդհանուր առմամբ ողջ մենագրությունն է այս ոճի մեջ:
Մեր տեղեկություններով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի կուրատորը Նիկոլ Փաշինյանի ձևավորած արտախորհրդարանական ուժերի ակտիվ մասնակից, իշխանական քարոզիչ, պրոիշխանական ԶԼՄ-ների ամենօրյա հյուր, Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագու, իրեն քաղաքագետ կոչող Լևոն Շիրինյանն է:
Այլ կերպ ասած՝ Հովհաննես Ստեփանյանը՝ որպես այդ ինստիտուտում պաշտոնավարող բաժնի պետ կամ վարիչ, հոգևոր հայր ունի, բայց որ այդ «հայրը» կարող է այնքան զորեղ լինել, որ ստիպի մոռացության տալ անցած ողջ կյանքդ, մարդկային ու մասնագիտական ճանապարհդ, ունեցածդ վաստակը, բարդ է պատկերացնել:
Թե ինչ շահ ունի Լևոն Շիրինյանը, բոլորն են պատկերացնում, միգուցե հիմա էլ ուզում է դառնալ ինստիտուտի տնօրեն, բայց թե ինչի դիմաց է ոտնատակ տալիս իր անցած ճանապարհը Հովհաննես Ստեփանյանը, կփորձենք հասկանալ հաջորդիվ: