Բաժիններ՝

122 մլն դրամ՝ «Կյանքի պուրակ» նախագծի համար ոռոգման ջրագծի կառուցման նպատակով

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում որոշում է ընդունել «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն, ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ որոշումը բխում է ՀՀ վարչապետի մոտ 2022թ. հուլիսի 18-ին կայացած՝ «Կյանքի պուրակի» նախագծի քննարկման շրջանակում տրված հանձնարարականից: Մասնավորապես, առաջարկվում է ջրագիծ անցկացնել մինչև Բուսաբանական այգի, որով երկրորդ փուլով ողջ այգու տարածքում կանցկացվի համապատասխան ցանց և այն կապահովվի ջրով: Ջրագծի երկարությունը մոտ 1,5 կմ է, որը պետք է սկսվի Սարկավագի փողոցից և հասնի մինչև Բուսաբանական այգի: Նախարարը նշել է, որ ամբողջ ծրագրի արժեքը 245 մլն ՀՀ դրամ է, և քանի որ նախագծով իրականացման համար նախատեսված է մոտ 200 օր, առաջարկվում է այս տարվա համար պլանավորել աշխատանքների կեսը և հատկացնել 122 մլն ՀՀ դրամ գումար: Եթե մրցույթում հաղթող շինարարական ընկերությունները կարողանան ավելին անել, հատկացվող գումարի ծավալը կավելանա, եթե ոչ՝ գումարի մնացածը մասը կնախատեսվի մյուս տարվա բյուջեով:

Ընդգծելով «Կյանքի պուրակի» նախագծի կարևորությունը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, իրականում այս որոշումը որոշակի նախապատմություն ունի: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո մենք որոշեցինք, որ մեր նահատակների անվամբ կամ նրանց հիշատակը խորհրդանշող նոր կարգի սիմվոլ ունենանք և մտածեցինք, որ պետք է ստեղծել մայրաքաղաքում մի պուրակ, որը խորհրդանշի կյանքը և կյանքի հաղթանակը: Գաղափարի քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ուղղակի լավ պուրակ ստեղծենք, և այն նախատեսված լինի, որ երեխաները գնան, աղմկեն, խաղան, ընտանիքներով մարդիկ գնան, այնտեղ ժամանակ անցկացնեն, զբոսնեն, և դա լինի կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ ներկայացնող կարևոր խորհրդանիշը և մեր նահատակների հիշատակի ընդգծման այդպիսի՝ մի փոքր այլ մեթոդ կիրառենք: Դրա մասին բազմիցս ենք խոսել:

Երբ հողատարածք էինք փնտրում, մեզ ասվեց, որ Երևանի Բուսաբանական այգում մոտ 30 հա ամայի տարածք կա, որը չորացել է ժամանակի ընթացքում չխնամելու բերումով: Հետո այս քննարկումների ընթացքում պարզվեց, որ իրականում ամբողջ Բուսաբանական այգին կամ դրա մեծ մասն է այդ վիճակում, ինչն անակնկալ էր մեզ համար: Մենք հասկացանք, որ իրականում, «Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով, պետք է վերակենդանացնենք ամբողջ Բուսաբանական այգին և ծրագրի մասշտաբներն ընդլայնենք: Եվ մոտավորապես մեկ ամիս առաջ նախագծի քննարկում է տեղի ունեցել, նախագծի ընդհանուր կոնցեպտուալ մոտեցման վերաբերյալ կարծես որոշակի եզրակացության եկել ենք: Բայց այդ ընթացքում պարզվեց, որ անկախ այդ ամենից՝ կա ջրագիծ անցկացնելու խիստ անհրաժեշտություն, որովհետև Բուսաբանական այգում ոռոգման խնդիր կա: Մենք որոշեցինք սա իրականացնել շուտափույթ, այսինքն՝ առաջնային կարգով և հույս ունենք, որ հնարավորինս արագ այդ աշխատանքը կսկսվի:

Ընդ որում, երբ ծրագիրն ամբողջությամբ իրականացնենք, նախ Երևան մայրաքաղաքի համար դա շատ մեծ էկոլոգիական նշանակություն կունենա, համայնքային կյանքի կազմակերպման համար մեծ նշանակություն կունենա, և ինչպես ասացի, մեր նահատակների, մեր ընկած զինվորների, եղբայրների, սպաների հիշատակի ընդգծման նոր մեթոդ կդառնա: Ես այդ մասին խոսել եմ նաև 2021 թվականին, Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ խնդիրը ձևակերպելով մեկ նախադասությամբ. «Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ապրի»: Մենք այդ ապրելու տրամաբանությունը պետք է կարողանանք զարգացնել, որքան էլ բոլոր հնարավոր կողմերից փորձեն այնպես անել, որ դա հնարավոր չլինի: Բայց մենք պետք է գնանք այս ճանապարհով և այդ առաքելությունն իրագործենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս