Մնացական Մարտիրոսյանը հրաժարվեց քննել Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը, ապա մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված հրատապ դատական նիստը։
Հիշեցնենք` պաշտպանները հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն ներկայացրել էին այն բանից հետո, երբ, ըստ նրանց ներկայացրած բժշկական տեղեկանքների, Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչև 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաև կրկնվել։
«Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետևանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչև 31 և ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության և կյանքի համար։ Այս հանգամանքով պայմանավորված՝ միջնորդություն ենք ներկայացրել դատարան՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկման առարկա դարձնելու համար»,- գրել էր Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմի անդամ Էրիկ Ալեքսանյանը։
Աղվան Հովսեփյանը դատական նիստին ներկա չէր:
Նիստի սկզբում պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ներկայացրեց այն բոլոր փաստաթղթերն ու հիմքերը, որոնք վկայում են այն մասին, որ Աղվան Հովսեփյանի ներկայիս առողջական վիճակը համատեղելի չէ կալանավորման հետ, ապա միջնորդեց փոխել Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է լսել համապատասխան մասնագետների կարծիքը՝ արդյո՞ք Աղվան Հովսեփյանի բուժումը հնարավոր չէ կալանքի պայմաններում ստացիոնար բուժման եղանակով, ասաց, որ միջնորդությունը կարող է քննարկվել, եթե առկա է ծանր հիվանդություն կամ նոր այլ էական հանգամանքներ, որոնք հայտնի չէին նախորդ միջնորդությունը քննարկելիս, մեջբերումներ կատարեց Քրեական դատավարության նոր օրենսգրքից, գործող Քրեակատարողական օրենսգրքից:
«Նոր երևան եկած հիվանդություններն այնպիսի էական հանգամանքներ չեն, որոնք դատարանի կողմից չեն քննարկվել նախորդ միջնորդությունը քննարկելիս, երբ որոշում կայացվեց բժշկափորձագիտական փորձաքննություն անցկացնել: Դատարանը գտնում է, որ տվյալ միջնորդությունը քննարկման ենթակա չէ»,- ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Աղվան Հովսեփյանի մյուս պաշտպանի՝ Երեմ Սարգսյանի համար անհասկանալի էր Քրդատ օրենսգրքի համապատասխան 151-րդ հոդվածի՝ Մնացական Մարտիրոսյանի մեկնաբանությունը:
«Մեղադրանքի կողմը հարցեր է բարձրացրել: Կարող է բժիշկը գալիս-ասում է, որ այս–այս խնդիրները կան, ու Դուք ասում եք, որ անգամ չեք քննարկելո՞ւ: Սա վկայում է այն մասին, որ Դուք ուրիշ խնդիր ունեք… Կա մարդու վիճակն ու բժիշկների կարծիքը, բա ո՞ւմ կարծիքն եք ուզում, Գագիկ Հարությունյանի ու փորձագիտական հիմնարկի՞… դուք իրո՞ք չեք պատկերացնում՝ 31.6 շաքարի ցուցիչն ինչ է, թե՞ չեք պատկերացնում՝ կոման ինչ է…»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ փորձագետները դեռ նույնիսկ փորձաքննություն չեն սկսել, ուր մնաց՝ եզրակացություն տային:
Իր խոսքի ավարտին Երեմ Սարգսյանն ասաց, որ ինքնաբացարկ է հայտնում դատավորին:
«Իսկ Դուք գիտե՞ք՝ ինչ վիճակում է հիմա Աղվան Հովսեփյանը: Ի՞նչ եք արել, որ փորձաքննությունն արագ կատարվի: Դուք հանգստության մեջ նստած եք, ու Ձեզ համար բացարձակ նշանակություն չունի՝ ինչ վիճակում է մեղադրյալը: Ձեզ համար նշանակություն չունեն Սահմանադրության բարձրագույն նորմերը, Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Էրիկ Ալեքսանյանը նույնպես փորձեց դիրքորոշում հայտնել դատարանի որոշման վերաբերյալ, ինչը դատավորը համարեց իրավունքի չարաշահում ու սպառնաց զրկել խոսքի իրավունքից:
Պաշտպանը, այնուամենայնիվ, ավարտեց խոսքն ու լքեց նիստերի դահլիճը: Դատավորն էլ սանկցիա կիրառեց՝ նկատողության տեսքով:
Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմի անդամ Արթուր Ղամբարյանը ևս միացավ ինքնաբացարկի միջնորդությանը:
Դատախազն առարկեց միջնորդության դեմ, իսկ դատավորը հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու:
Շուրջ կես ժամ անց վերադառնալով՝ Մնացական Մարտիրոսյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ դրա՝ անհիմն լինելու պատճառով:
Դատական նիստը շարունակվեց: Հաջորդիվ դատարանը որոշեց այս քրեական գործից անջատել Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ գործը: Նրա գործով նիստը համարվեց ավարտված: Նրա վերաբերյալ դատական նիստի օր նշանակվեց օգոստոսի 10-ին՝ ժամը 11:30-ին:
Ապա Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ տեղեկացել է՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ բժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու համար համապատասխան հանձնաժողովը կազմվել է: Բացառվել է այդ հանձնաժողովում «Միքայելյան» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնների մասնագետների ներառումը՝ հավանաբար պայմանավորված այն հանգամանքով, որ նախկին գլխավոր դատախազը բուժվել է այդ ԲԿ-ներում:
Աղվան Հովսեփյանի վերաբերյալ դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 9-ին՝ ժամը 14:00:
Դատական նիստն ավարտվեց:
Մանրամասները՝ տեսանյութում