
Անտարկտիդայի սառցադաշտերը կսկսեն ավելի արագ հալվել՝ ջուրը 2–3 աստիճանով տաքանալու պատճառով

Անտարկտիդայի արեւելյան ափի մոտ ջրի ջերմաստիճանը XX դարի առաջին կեսի համեմատությամբ 2–3 աստիճանով բարձրացել է՝ օվկիանոսային հոսանքների փոփոխված ուղղությունների պատճառով: Այդ մասին հաղորդվում է Ավստրալիայի գիտական եւ կիրառական հետազոտությունների միավորման (CSIRO) եւ Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի զեկույցում, որը հրապարակվել է օգոստոսի 3-ին:
Ջրային զանգվածներն սկսել են տեղափոխվել ուրիշ երթուղիներով Հարավային օվկիանոսում արեւմտյան քամիների պատճառով, որոնք նույնպես սկսել են փչել նոր ուղղություններից: Տասնյակ տարիների ընթացքում այդ գործընթացը հարավային բեւեռի կողմն է տեղաշարժել Անտրակտիկական շրջաբեւեռային հոսանքը, որն աստիճանաբար տաքացնում է Ավրորայի ենթասառցադաշտային ավազնի ավելի սառը ջուրը:
«Լիովին հալվելով՝ սառցադաշտերն այդ ավազանի շրջանում կարող են բարձրացնել ծովի մակարդակը 5,1 մետրով»,- նախազգուշացրել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Լորա Էրաիս Բորեգերոն:
Վերջին տարիներին Անտարկտիդան տարեկան կորցնում է 155 միլիարդ տոննա սառույց, ինչն աշխարհի մնացած սառցադաշտերի հալվելու հետ մեկտեղ համաշխարհային օվկիանոսի մակարդակը տարեկան բարձրացնում է 3,6 միլիմետրով:
Ավրորայի ենթասառցադաշտաին ավազանը գտնվում է Անտարկտիդայի սառցային վահանի տակ: Այն հայտնաբերվել է 1960-ական – 1970-ական թվականներին եւ անվանվել է մայր ցամաքի հետազոտող Դուգլաս Մոուսոնի (1882 – 1958) նավի պատվին: Անտարկտիկական շրջաբեւեռային հոսանքը 30 հազար կիլոմետր երկարությամբ եւ 2,5 հազար կիլոմետր լայնությամբ արեւմուտքից դեպի արեւելք գոտեվորում է Երկրագունդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: