Չինաստանն ինքնաթիռների թռիչքների համար վեց գոտի է փակել Տայվանի շրջանում
Պեկինը ավիաընկերությունների համար պաշտոնական նախազգուշացում է տարածել Տայվանի մերձակայքի օդային տարածքից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ. նախազգուշացման մեջ «վտանգավոր գոտիներ» են նշվել վեց շրջաններ, հայտնի է դարձել Bloomberg-ին:
Սահմանափակումները մտցվում են տեղական ժամանակով օգոստոսի 4-ի ժամը 12:00-ից մինչեւ օգոստոսի 7-ի 12:00-ն (Երեւանի ժամանակով 08-00): Axion հրատարակությունն այդ որոշումը կապում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Տայվան այցի հետ: Տայվանի ռազմական գերատեսչությունը ՉԺՀ-ին մեղադրել է «Թայբեյի միջազգային իրավունքը եւ ինքնիշխանությունը խախտելու մեջ», ինչը կապված է Չինաստանի կողմից հայտարարված մարտական հրաձգություններով զորավարժությունների հետ, որոնք անցկացվելու են Տայվանի շուրջ գտնվող վեց տարբեր շրջաններում:
Global Times-ի տվյալներով, Չինաստանի բանակի վարժանքներն արդեն օգոստոսի 2-ին սկսվել են Տայվանի մերձակայքում: Նաեւ օգոստոսի 3-ին «Ցզեֆանցզյուն բաո» չինական բանակային թերթի մեկնաբանը գրել է, որ այն պայմաններում, երբ Փելոսին այցելի Տայվան, Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) մի շարք նպատակաուղղված ռազմական գործողություններ կսկսի Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: