Երաշտի պատճառով հատուկ ռեժիմ են սահմանել Ֆրանսիայի ողջ տարածքում
Ֆրանսիայի արդեն բոլոր 96 դեպարտամենտներում «սթափության ռեժիմ»՝ նախազգուշական հատուկ միջոցառումներ են սահմանել երաշտի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում Է BFMTV-ն: Հուլիսի 29-ից այդ ռեժիմից զերծ են մնացել Փարիզը եւ Օ դե Սենի ու Սեն Սեն Դենի դեպարտամենտները:
Ռեժիմը չի նախատեսում ջրի մատակարարման սահմանափակումներ, բայց հանձնարարում է կրճատել ջրի օգտագործումը ճանապարհները, մայթերը եւ գազոնները ջրելու, ինչպես նաեւ մեքենաները լվանալու համար: Տնատնտեսություններին հանձնարարվել է կրճատել ջրի օգտագործումը տնային կարիքների համար: Ջրի առաջնահերթ սպառողներ են համարվում հրշեջ ծառայություններն ու հիվանդանոցները:
Ֆրանսիայում տապի երրորդ ալիքն է չորային հուլիսից հետո: Առաջիկա տասն օրերին երկրում զգալի տեղումներ չեն սպասվում, բացի օգոստոսի 4-ին եւ 5-ին տեղատարափներից երկրի արեւելքում:
«Սաստիկ տապի էպիզոդը հաստատվում է շաբաթվա կեսերի համար, օգոստոսի 3-ին եւ 4-ին առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի ըստ Ցելսիուսի 34-ից մինչեւ 38 աստիճան, իսկ տեղ-տեղ՝ մինչեւ 40 աստիճան»,-կանխատեսում է Meteo France-ը, նշելով, որ տապը նախորդ երկու ալիքներից առավել սաստիկ եւ տեւական չի լինելու: Ֆրանսիայի հարավի Արդեշ, Դրոմ, Գար, Վոքլյուզ եւ Արեւելյան Պիրենեյներ դեպարտամենտներում տապի պատճառով հայտարարվել է տագնապի ամենաբարձր՝ «նարնջագույն մակարդակ»: Դեպարտամենտների կեսից ավելիում պահպանվում Է տագնապի «դեղին մակարդակ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: