ԲԴԽ կին դատավոր անդամը Նաիրա Հովսեփյանն է
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողովը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր քվորում լինելու ու Ժողովը կայանալու դեպքում ընտրելու են Բարձրագույն դատական խորհրդի կին անդամի:
Թեկնածուները 4-ն են՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյան, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյան, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյան, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյան:
Քվեարկության արդյունքներով՝ ԲԴԽ կին անդամ 84 կողմ ձայներով դարձավ Նաիրա Հովսեփյանը՝ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի հերոս նահատակ Գևորգ Արշակյանի մայրը:
Վերջինս, հիշեցնենք, ուղիղ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի կողմից չընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար քվեարկության ժամանակ: Այդ պաշտոնը զբաղեցրեց Ազգային ժողովի կառավարող խմբակցության անդամ Արթուր Դավթյանը: