«Դուք պարտավոր եք ոտքի կանգնել». Վահագն Վերմիշյանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին
Այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստի ժամանակ սկանդալային միջադեպ գրանցվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի և Վահագն Վերմիշյանի միջև:
Ըստ նիստին ներկա Արշակ Զաքարյանի՝ Վահագն Վերմիշյանը Մնացական Մարտիրոսյանից պահանջել է մեկ րոպե լռությամբ հարգել նույն այդ դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը: Դատավորը մերժել է, ինչից հետո տեղի է ունեցել նշված միջադեպը:
Մնացական Մարտիրոսյանը Վահագն Վերմիշյանին ասաց, որ վերջինս դատական նիստի կարգն է խախտում, ինչին վերջինս հակադարձեց՝ ես չեմ խախտում:
«Դուք պարտավոր եք ոտքի կանգնել»,- դատավորին դիմելով՝ ասաց Վահագն Վերմիշյանը:
Այդ խոսքերից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց դատական նիստերի դահլիճից հեռացնել Վահագն Վերմիշյանին:
– Տո քեզ է պետք հեռացնել… Այ, Մացո…Մարդու անունը որ Մացո լինի… Անասուն…,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը:
Ապա ներկաներին դիմելով՝ ասաց՝ ոտքի կանգնեք, ով որ հարգում է Արմենին:
– Նման անասունների պատճառով դարձավ նահատակ… Նույն էդ քննիչին, Հակոբ Պետրոսյան, դրանց է պետք դատել… Հատ-հատ դատել է պետք… Այդ նույն սև շորերով պետք է դատել… Դատախազին և գլխավոր դատախազին՝ ամենամեծ ստահակին, որ ամբողջ ազգով կանգնած՝ դավաճան են անվանում: Ո՞վ այստեղ համաձայն չէ, որ նա դավաճան է: Մեկը կա՞ այստեղ, որ կանգնի, ասի՝ դավաճան չէ: Ո՞ւմ պատճառով է այս ամենը: Ջահել տղերք են բոլորը, 40-50 հոգի, բերել, բանտարկել են… Փոխանակ ինձ տային, ականջները ոլորեի, բռնեի, մտցնեի Խոր Վիրապի խուցը, որ գնացող-եկողը թքի վրան,- ասաց Վահագն Վերմիշյանը՝ հեռանալով դատական նիստերի դահլիճից:
Մանրամասները՝ տեսանյութում