«Անկարայի՝ Զանգեզուրի միջանցքի բացումը և Բաքվի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը նախապայման չէր»․ Էդուարդ Աղաջանյան

Ազգային ժողովում երեկոյան մեկնարկել է Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի համատեղ ասուլիսը։

Անդրադառնալով պաշտոնական Անկարայի կողմից 2 օր առաջ հնչած հայտարարությանը՝ Զանգեզուրի միջանցքի բացում և Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքում, լրագրողներն Աղաջանյանից հետաքրքրվեցին, թե ո՞րն է Երևանի դիրքորոշումը, արդյոք սա պայմանավորվածության խախտում չէ՞, քանի որ, թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան պնդել են հաշտեցման գործընթացը սկսել առանց նախապայմանների, ինչպե՞ս են պատկերացնում հետագա բանակցությունները, երբ նախապայմաններ են առաջ քաշվում։

Աղաջանյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ նշված հայտարարությունը նախապայման չէր․

«Թուրքիան ըստ էության մշտապես այս դիրքորոշմամբ է հանդես եկել, որը, բնականաբար, մեր համար երբևէ ընդունելի չի եղել, և հայկական կողմը մշտապես արձանագրել է, որ կա նման խնդիր, արձանագրել է, որ հաճախ թուրքական կողմի հայտարարությունների և գործողությունների մեջ կա բաժանում, և, իհարկե, մեր խնդիրներից է, այդ թվում նաև՝ ամեն ինչ անել, որպեսզի այդ տարանջատումը չլինի կամ առնվազն լինի նվազագույն։

Այո՛, ես արձանագրում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, և որևէ նախապայման այս գործընթացում անընդունելի է»։

Տեսանյութեր

Լրահոս