Արմեն Գրիգորյանը սպանվեց այս իշխանության ձեռքով՝ կամակատարների մասնակցությամբ. Իշխան Սաղաթելյան

«Այսօր Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունների քաղաքական որոշման արդյունքում կրկին հայ մահացավ, իսկ ավելի ճիշտ՝ կրկին հայ սպանեցին: Արմեն Գրիգորյանը սպանվեց այս իշխանությունների ձեռքով՝ նրանց կամակատար քննիչի, դատավորի և դատախազի անմիջական մասնակցությամբ»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այն մարդիկ, ովքեր զավթել են Հայաստանի իշխանությունը, շարունակում են խոնարհվել թշնամու առաջ, կզել, սպասարկել թշնամու օրակարգը, իսկ երկրի ներսում սպանել հայերին, բանտարկել, ճնշել, կալանավորել, հետապնդել բոլոր նրանց, ովքեր պայքարել և պաշտպանում են Արցախը, Հայաստանը և հայ մարդու անվտանգությունը: Սա է այսօրվա իրականությունը»,- ընդգծեց նա:

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Հայաստան Մուրադ Փափազյանի մուտքի արգելքին. «Երեկ Մուրադ Փափազյանը, ով ՀՅԴ բյուրոյի անդամ է, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ով երկար տարիներ իր ողջ կյանքի ընթացքում ամբողջ Եվրոպայում հսկայական աշխատանք է իրականացրել Հայ դատի ուղղությամբ, պաշտպանել է Արցախը, ՀՀ-ն, նպաստել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, մեր պետության հզորացմանը, երեկ Հայաստանի օդանավակայանում նրան փոխանցել են Հայաստանի իշխանությունների որոշումը, որ դու անցանկալի անձ ես, և արգելում ենք քո մուտքը հայրենիք: Սա հստակ թուրքական իշխանությունների պահանջն է՝ չեզոքացնել, մեկուսացնել բոլոր այն հայերին, ովքեր պայքարել և պայքարում են Հայաստանի համար, կասեցնել Ցեղասպանության միջազգային հետապնդման գործընթացը: Օրեր շարունակ, ամիսներ շարունակ, երբ գիշեր-ցերեկ ասում էինք, որ սրանք ծրագրով եկել են, որպեսզի մեր երկիրը տանեն կործանման և տան թշնամուն, դեռ այս երկրում կան մարդիկ, ովքեր կասկածում են, չեն հավատում, տունը նստած՝ սպասում են թուրքին, սա է իրականությունը»:

Նա նկատեց՝ այս պրոցեսներին զուգահեռ՝ շարունակվում են հայ-թուրքական բանակցությունները. «Օրեր առաջ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կրկին հանդիպել են, կրկին խոսել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին և հերթական անգամ յուրաքանչյուր հանդիպումից հետո տարածում են հայտարարություն, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների: Ասում է՝ գող՝ սրտները դող. Հստակ է՝ հայ-թուրքական հարաբերությունների մեջ կան ձևակերպված պահանջներ: Թուրքական պահանջների մեկ մասն արդեն իրականություն են փորձում դարձնել և իրավական հիմք տալ, դա արցախյան ճակատում զիջումներն է: Սեղանին դրված են մյուս երկու հստակ պահանջները՝ առաջին, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները, և երկրորդ՝ հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից: Այս իշխանությունը, ակնհայտ է, որ ընդունել է այդ պայմանները և գնում է նոր զիջումների»:

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց. «Մենք կոտորվելու ենք, քանի դեռ այս անինքնասեր, անարժանապատիվ, դավաճան իշխանությունը գոյություն ունի, մենք վտանգի առջև ենք, քանի դեռ խորհրդարանում ՔՊ խմբակցությունում նստած օլիգարխները, դա էն մի հոգին չի, որ կարծում եք, մի քանիսն են, տարիներ շարունակ պառկելով բոլոր իշխանությունների տակ՝ կեղեքել են այս երկիրը, հիմա միայն Հայաստանի իշխանություններով չեն բավարարվում, ուզում են թուրքական իշխանություն, թուրքական փողեր և Հայաստանում իրականացնում են թուրքական լոբբինգը: Մենք կոտորվելու ենք, և այդ սպառնալիքը իրական է, քանի դեռ Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր իրենց կնոջն ու աղջկան պատրաստ են տալ թուրքերին՝ հանուն աթոռի, ստամոքսի: Հակառակ պարագայում, այն ամենը, ինչ տեղի է ունեցել, դա դատավճիռ չէ, հայ ժողովուրդը ծնկի չի եկել, ծնկի են եկել այս սրիկաները, և մեր պարտության պատճառը ոչ միայն աշխարհաքաղաքական իրավիճակն է, ոչ միայն այն էր, ինչ կա, այլ գլխավորաբար դավաճան սրիկա իշխանությունը, որին պետք է հեռացնել»:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններն իրենց դավաճանությունը, երկիրը հանձնելու գործընթացն անընդհատ փորձում են հիմնավորել, ասելով, որ այլ ճանապարհ չկա. «Փորձում են մեզ տրամադրել նոր պարտությունների: Հայաստանի բոլոր այն պաշտոնյաները, ովքեր հետապնդումներով, իրենց քայլերով փորձում են կոտրել այս դիմադրությունը, իրենք պետք է գիտակցեն, որ Նիկոլից Նիկոլ են, գործակալից գործակալ են, հավասար պատասխանատվություն են կրում երկիրը հանձնելու գործընթացի մեջ: Չեն կարողանալու արդարանալ և ասել՝ դե, մեր գործն էինք անում: Ձեր գործը դավաճանին ծառայելը չէ»:

Սաղաթելյանն ասաց, որ հետքայլ չեն անելու, չեն նահանջելու. «Այս սերիական մարդասպանի վերջը պետք է տանք: Մենք անցած անգամ ասում էինք, որ վրաերթից սպանված կինը պետք է լինի Նիկոլի վերջին զոհը, ցավոք, մենք չենք կարողացել կասեցնել, և ունեցանք նոր սպանվածներ: Մեր հասարակությունն արդեն անտարբեր է դարձել օրական սպանությունների, օրական մահերի հանդեպ»:

Նա հավելեց, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ իրենց հետագա քայլերի և անելիքների մասին կխոսեն:

Տեսանյութեր

Լրահոս