Ի՞նչ է կազմակերպում Տոյվո Կլաարը տարածաշրջանում. Փաշինյանն ու Ալիևը կհանդիպե՞ն

Օրերս Երևանում էր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյան-Կլաար հանդիպմանն անդրադարձ է կատարվել.

  • Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: «Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
  • Կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունը, մասնավորապես, ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:
  • Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Տոյվո Կլաարը հանդիպել էր նաև Արմեն Գրիգորյանին, ով Կլաարի հովանու ներքո շփումներ է ունենում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն, հուլիսի 13-ին և 14-ին կայացան Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հերթական բարձր մակարդակի խորհրդակցությունները Հայաստանում։

Երևանում նա մասնավորապես հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

«Հանդիպումների կիզակետում էին մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ հաշտեցման ջանքերը, հումանիտար, տնտեսական և սահմանային հիմնահարցերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայում հնարավոր խաղաղության համաձայնագիրը, որոնք «բրյուսելյան ձևաչափի» շրջանակում քննարկվել էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև»,- ասված էր հաղորդագրությունում:

Այսօր Կլաարը Բաքվում է, և ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Կլաար-Ալիև հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը: «Ալիևն ու Կլաարը հանգամանորեն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության համաձայնագրի ստորագրման, հաղորդակցությունների ապաշրջափակման, ականների, ինչպես նաև Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած Ադրբեջանի քաղաքացիների հարցը»,- հաղորդում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով Իլհամ Ալիևի պաշտոնական կայքին։

Բրյուսելյան հարթակի շրջանակում Փաշինյան-Միշել-Ալիև վերջին հանդիպումը կայացել էր մայիսի 22-ին Բրյուսելում, իսկ ավելի վաղ՝ ապրիլի 6-ին:

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ Տոյվո Կլաարի այցը նպատակ ունի պահպանել և «փրկել» բրյուսելյան գործընթացի դինամիկան մի մթնոլորտում, երբ ձևավորվել է կողմերի միջև լարվածություն ու աշխարհաքաղաքական մրցակցություն նաև Հարավային Կովկասում:

Ըստ նրա, նկատվում է, որ գործընթացը տուժում է, բացի այն խնդիրները, որոնք ունեն կողմերը, արտաքին՝ Ռուսաստան-Արևմուտք շատ մեծ ճնշում և ազդեցություն կա:

Եվրոպացի վերլուծաբանի կարծիքով, սովորաբար ԵՄ հատուկ ներկայացուցիչը այցերով փորձում է կազմակերպել բարձրաստիճան հանդիպումները, համաձայնեցնելով կողմերի միջև դրանց օրակարգերը: Ըստ էության, մեր զրուցակցի խոսքով, նա ներկայումս ԵՄ-ի կողմից ՄԽ համանախագահի ավանդական դերակատարությունն է ստանձնել:

«Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ կողմերից յուրաքանչյուրը պաշտոնական հաղորդագրություններում իր օրակարգն է առաջ մղել: Հայաստանը՝ Սոչիի ու Բրյուսելի համաձայնությունները, իսկ Ադրբեջանը՝ Խաղաղության համաձայնագիրը, քանի որ ցանկանում է օր առաջ Խաղաղության համաձայնագիր կնքել: Կարծում եմ՝ կամ կկազմակերպվի նախկինում կրկին բրյուսելյան հարթակի շրջանակում ծրագրված ու չեղարկված հանդիպում, կամ միանգամից բարձրաստիճան հանդիպում: Չեմ կարծում, որ կողմերը մոտ են էական համաձայնությունների որևէ ուղղությամբ, դա վերաբերում է և սահմանազատմանը, և ԼՂ հակամարտության հարցին: Տրամաբանությունը և զարգացումները հուշում են, որ ներկայիս անորոշությունը բանակցային դինամիկայի տեսանկյունից կշարունակվի: Այլ կերպ դժվար է նույնիսկ, քանի որ իրենք՝ կողմերը, փորձում են առաջ շարժվել՝ հարմարվելով գեոպոլիտիկ զարգացումներին, որոնց ուղղությունն անընդհատ փոխվում է, տարածաշրջանում տրանսֆորմացիաների փորձ է կատարվում, և դրանք չեն կարող չանդրադառնալ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի վրա»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս