«Որոշումն անպայման կբողոքարկեմ». Բենիկ Գալստյանը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացնելու որոշման մասին

Հուլիսի 11-ին դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց ՀՅԴ-ական գործիչ Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացնել ևս 3 ամսով:

Ըստ Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանի՝ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը եռամսյա կալանքի հնարավորություն տալիս է:

«Քրդատ նոր կարգավորումներով՝ դատարանը պարտավոր է երեք ամիսը մեկ քննարկել կալանքի հարցը»,- ասաց Գերասիմ Վարդանյանի պաշտպանը:

Նրա խոսքով՝ երեկ՝ հուլիսի 12-ին է լրացել իր պաշտպանյալի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը:

«Մեկ անգամ Դավիթ Արղամանյանն էր կալանավորել մեկ ամսով, ապա մեկ ամսով հետո էլի երկարացվել էր կալանքի ժամկետը: Ըստ էության սա արդեն երրորդ անգամ էր»,- ասաց Բենիկ Գալստյանը՝ հավելելով, որ գործն արդեն գտնվում է դատաքննության փուլում:

Նրա խոսքով՝ ինքը որոշում դեռևս չի ստացել, ստանալուց հետո կհստակեցնի իրենց անելիքները:

«Որոշումն անպայման կբողոքարկեմ, կան նաև այլ գործողություններ, որ կարվեն»,- ասաց Բենիկ Գալստյանը:

Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով:

Նկատենք, որ քրեական գործի հարուցումից հետո շուրջ 1.5 տարի առհասարակ որևէ գործողություն այս գործով չէր կատարվում, և միայն Գերասիմ Վարդանյանի՝ այս տարվա մայիսի մեկից մեկնարկած ընդդիմության գործողություններով պայմանավորված ակտիվ քաղաքական գործունեությունից հետո նրա նկատմամբ ԱԱԾ քննիչը ներկայացրեց կալանավորման միջնորդություն:

Հիշեցնենք նաև, որ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ առաջարկվել էր որպես խափանման միջոց կիրառել 60 միլիոն դրամ գումար, և թեև եղել էին մարդիկ, ովքեր պատրաստակամություն էին հայտնել վճարել նշված գումարը, Գերասիմ Վարդանյանը հրաժարվել էր դրանից:

Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 2-ին:

Տեսանյութեր

Լրահոս