«Բերձորը, Աղավնոն և Սուսը չեն հանձնվի, եթե բնակիչներն ըմբոստանան»․ Կարապետ Մինասյան

Արդարադատության նախարարի նախկին խորհրդական Կարապետ Մինասյանը վստահ է՝ Բերձորը, Աղավնոն և Սուսը չեն հանձնվելու։

«Եթե բնակչությունն ըմբոստանում է, այնտեղ գործում են ռուսական խաղաղապահ ուժերը, որոնց առաքելությունն է՝ չթողնել, որ կոնֆլիկտներ առաջանան։ Եթե այդ բնակավայրերի բնակիչները դուրս չգան, մինչև վերջ իրենց տներին տեր կանգնեն, ուրեմն՝ կարող են կանգնել այնքան, որքան ցանկանան, ռուսները չեն միջամտի այդ գործընթացին։ Ուստի, եթե մարդիկ կանգնեն, ոչ ոք նրանց չի կարող այնտեղից դուրս հանել, եթե Ղարաբաղի ներքին գործերը չխառնվի և բռնի ուժով նրանց չտեղահանեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Նրա խոսքով՝ գործող իշխանություններն ինչ օրակարգով եկել են, նույն օրակարգով էլ շարունակում են աշխատել․ «Կա՞ մեկը, որ ինձ կբացատրի՝ ինչու են շտապում իշխանությունները, ի՞նչ ունենք, որ դիմակայենք Թուրքիայի տնտեսական և քաղաքական էքսպանսիային։ Ե՛վ մեր կողմը, և՛ թուրքական կողմը շատ ինտենսիվ հանդիպումները շարունակում են, ցանկացած դեպքում ես դեմ չեմ և չեմ եղել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման, բայց ինչո՞ւ այն ժամանակ Թուրքիան չգնաց դրան։ Ինչո՞ւ պետք եղավ անպայման մեր մատաղ սերնդին կործանել, մեր հողերի 75 տոկոսը խլել, նոր գաք մեզ հետ բարեկամանա՞ք, իսկ ինչո՞ւ այն ժամանակ չէիք գալիս»։

Անդրադառնալով ՆԳՆ ստեղծելու իշխանությունների նախաձեռնությանը՝ նա նշեց, որ նպատակը ուժերը մեկ տեղում կենտրոնացնելն ու մեկ անձի անվտանգությունը ապահովելն է․ «Իշխող ռեժիմի գոյությունը երկարաձգելու շահերից է դա բխում»։

Խոսելով «դավաճանների որսից»՝ նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ որևէ ապացուցված դեպք չկա։ «Այս բոլոր դժբախտությունների հիմքն անգրագիտությունն է։ Օխլոսը հենց տգիտության արդյունքն է, բոլոր կառավարիչներին ավելի հեշտ է անգրագետների հետ աշխատել։ Հին Հռոմում ասում էին՝ ժողովուրդն ուզում է հաց և տեսարաններ։ Դժբախտ ժամանակներ ենք ապրում։ Պետք է մարդկանց բացատրել, որ առանց հայրենիքի ոչինչ են»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ խոսակցություններին, նա հետևյալն ասաց․ «Պատգամավորներին մանդատ դուք եք տվե՞լ։ Այդ որոշումը պետք է համապատասխանեցնել Սահմանադրությանը, և հուսով եմ, որ գոնե հերթական այլասերումը Սահմանադրության հանդեպ տեղի չի ունենա։ Սա մանկամիտ, փոքր մարդու վրեժի դիմելու ինչ-որ միջոց է։ Ես սպասում էի այս քայլին, ուրիշ ի՞նչ անեին այս մարդիկ, նրանց մտահորիզոնը տեսե՞լ եք։ Այս մարդիկ հիմարություններից հաճույք են ստանում։ Բայց կարող է շատ հետաքրքիր պատային վիճակ ստեղծվել»։

Տեսանյութեր

Լրահոս