«Թող ոչ ոք չունենա այն ճակատագիրը, այն կյանքը, այն ներկան, որը ես եմ ապրում․․․»․ 44-օրյա պատերազմում զոհված Բագրատն այսօր կդառնար 40 տարեկան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Բագրատ Ռուբենի Սալամյանն այսօր կդառնար 40 տարեկան։

Բագրատը պատերազմի լուրը լսելուն պես սեպտեմբերի 28-ին կամավորագրվել և մեկնել էր Արցախ՝ առաջնագիծ։ 4 օր թշնամու դեմ կռիվ տալուց հետո՝ հոկտեմբերի 2-ին, անմահացել էր։

Բագրատ Սալամյանի այրին՝ Խանում Խաչատրյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Բագրատի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ընդամենը 1 անգամ էին հասցրել նրա ծնունդը միասին նշել։

«Երբ մենք ամուսնացանք, Բագրատը 36 տարեկան էր։ 37 տարեկանը Ռուսաստանի Դաշնությունում է լրացել․ միայն 38 տարեկանը հասցրեցինք միասին նշել՝ նեղ ընտանեկան միջավայրում։ Դրանից մոտ 2 ամիս անց պատերազմը սկսվեց․․․

Բագրատի բացը երբեք, ոչ մի իրադարձությունով չի լրացվի։ Կյանքս ինչ ընթացք էլ որ ունենա, քանի տարեկան էլ դառնամ, աշխարհի, որ ծայրում էլ որ լինեմ, Բագրատը միշտ կմնա իմ հուշերում որպես՝ լավ ընկեր, բարի մարդ և հոգատար ամուսին»,- ասաց զոհվածի այրին։

Խանումը նաև ասաց՝ իր ցանկությունն է, որ ոչ մի կին չտեսնի, չզգա այն ցավը, որը հիմա ինքն է ապրում․

«Թող ես լինեմ վերջին կինը, որը երիտասարդ ամուսին է կորցնում, դա իմ ցանկությունն է, բոլոր իմ հասակակից, ինձանից ավելի երիտասարդ կանանց։ Թող ոչ ոք չունենա այն ճակատագիրը, այն կյանքը, այն ներկան, որը ես եմ ապրում․․․»։

Անդրադառնալով պատերազմի նման ելքին, ինչպես նաև թշնամի պետությունների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ զոհվածի այրին ասաց․

«Շատ ցավալի է, որ ունենք այսքան մարդկային կորուստներ, ինչպես նաև տարածքային կորուստներ։ Որպես հայ մարդ, հետո նոր հերոսի կին, իմ կարծիքն է, որ տարածքները, ոնց որ մի գրչի հարվածով գնաց, նույն ձև կարող է գա, բայց այս երիտասարդ կյանքերը ոչ մի ձև չի վերադարձվի, սա է ինձ համար ամենացավալի կետը։  Իրենց նման տղերքը կյանքը տվեցին, որ այդ հողերը մնան մեզ, մեր սերունդները վայելեն, բայց ունենք այն, ինչ ունենք․․․»։

Ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին, 168.amգրել էր, որ Բագրատ Սալամյանը զոհվել է Ակնայում (Աղդամ)։ Հարազատները նրա զոհվելու մասին լուրն իմացել էին 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ դեպքից 3 օր հետո, իսկ հոկտեմբերի 7-ին տեղի էր ունեցել նրա հուղարկավորությունը:

«Եթե Երևանում ապրեինք, «Եռաբլուրում» կհուղարկավորեինք, բայց քանի որ Գավառում ենք, որոշեցինք ընտանեկան գերեզմանոցում հուղարկավորել»,- 2 տարի առաջ 168.am-ի հետ զրույցում ասել էր զոհվածի այրին՝ Խանումը:

Տեսանյութեր

Լրահոս