«Բարդ չեմ ասում. Խորհրդարան չենք գնալու այս իշխանությունների օրակարգով». Իշխան Սաղաթելյան
«Նախ, որ ինչքան քվեարկող եղել է, այդքանը պետք է դուրս գա փողոց, այդ տրամաբանությամբ՝ թող վաղը Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անի ու 680 հազար մարդ հանի փողոց։ Եթե հանեց 10 հազար մարդ, ուրեմն՝ ֆիքսում ենք, որ իր աջակիցների թիվն այդքան է։ Այսինքն՝ այս տրամաբանությամբ, որ ինչքան քվե են տվել, այդքան մարդ պետք է դուրս գա փողոց, եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, Նիկոլը գոյություն չունի, որովհետև աջակից չունի, մնացել է ոստիկանների ու իրեն սպասարկող խմբերի հույսին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այսօր սպասարկում են իրենց ընտրողների օրակարգը, պաշտպանում նրանց շահերը․ «Հիմա երկիրը գտնվում է այնպիսի մի հանգրվանում, որ այս փուլում գնալ խորհրդարան՝ իրենց հետ զբաղվել շոուներով, անիմաստ է»։
Նրա դիտարկմամբ՝ կա քաղաքական ճգնաժամ, որը չի հանգուցալուծվելու, մինչև գործող իշխանությունները չհեռանան․ «Վստահ եղեք, որ մեր ընտրողների ցանկությունն այն չէ, որ գնանք խորհրդարան և զբաղվենք երկրորդական հարցերով, մեր ընտրողների ուղերձը նույնիսկ ավելի ծայրահեղ և վճռական գործողությունների գնալն է, քան այն, ինչ հիմա մենք անում ենք։ Հետևաբար՝ օրակարգն այսօր փողոցում է»։