Պաշտոնանկության գործընթացի մեջ ձևական չենք մտնելու. կանենք, երբ պահը հարմար կլինի. Իշխան Սաղաթելյան
«Ես չեմ ասել, որ օգոստոսի 2-ից սկսում ենք պաշտոնանկության գործընթաց, այլ ասել եմ, որ օգոստոսի 2-ից մեր գործիքակազմին ավելանում է ևս մեկը՝ պաշտոնանկության հնարավորությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ասել եմ շատ հստակ՝ մենք այդ գործընթացի մեջ կմտնենք միայն այն ժամանակ, երբ դրա հաջողության հասնելու համար լինեն բավարար հիմքեր։ Այսինքն՝ մենք ձևական այդ պրոցեսի մեջ չենք մտնելու։ Իսկ այդ հիմքերն իրավական և քաղաքական առումով, ակնհայտ է, որ կան, բայց այդ գործընթացը հաջողությամբ կավարտվի միայն այն դեպքում, երբ համաժողովրդական շարժումը հասնի այն կետին, որ այլևս այլնընտրանք չլինի»,-ընդգծեց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ խորհրդարան վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով․ «Մենք խորհրդարան չենք գնալու այսօրվա իշխանության օրակարգով։ Մեր և իրենց օրակարգերը այլևս հատման կետ չունեն։ Իրենց օրակարգը Հայաստանի, Արցախի անվտանգության և շահերի հետ որևէ առնչություն չունի։ Մենք չենք պատրաստվում գնալ խորհրդարան, առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել այդ ճանապարհով՝ սպասարկելով իրենց օրակարգը։ Մենք խորհրդարան գնալու ենք բացառապես մեր օրակարգով, դա կլինի պաշտոնանկության գործընթաց կամ մեր խորհրդարան տարած օրակարգը, ոնց որ եղավ հունիսի 3-ին։ Այլ պարագայում չենք պատկերացնում մեր գործունեությունը խորհրդարանում»։