Սաղաթելյանը վստահ է՝ իշխանությունների կողմից շատ մեծ ճնշում է գործադրվել Մանվել Փարամազյանի նկատմամբ

«Գրեթե բոլոր մարզերում արդեն ձևավորվել են «Դիմադրություն» շարժման խորհուրդները։ Հիմա հանրահավաքները տեղի են ունենում շաբաթը մեկ անգամ, դրանից բացի, մնացած օրերը մեզ համար լիարժեք աշխատանքային օրեր են, որտեղ մենք անում են հսկայական կազմակերպական աշխատանք, որն այսօր ձեր և մեր հանրության համար տեսանելի չէ։ Այն բոլոր բացթողումները, խնդիրները, որ շարժման ընթացքում մենք ունեցել ենք, ամեն ինչը գնահատված է, այդ թերությունները վերացնելու, շարժումն ավելի ընդլայնելու և կազմակերպելու ուղղությամբ հիմա գնում է հստակ աշխատանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ նույն տեմպով ու ռիթմով հիմա աշխատում են։

Հարցին՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում հանրահավաքներին, նա պատասխանեց․ «Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է հանրահավաքներին, կարծում եմ՝ առաջիկայում ևս կմասնակցի, որևէ խնդիր չկա»։

Անդրադառնալով Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կողմից Նիկոլ Փաշինյանը տիկնոջը ծաղիկներ նվիրելուն՝ Իշխան Սաղաթելյանը հետևյալն ասաց․ «Նախ՝ ափսոսում եմ, որովհետև Մանվել Փարամազյանն այն մարդկանցից էր, ով այս իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի արդյունքում ապօրինի ազատությունից զրկվել է և քանի ամիս ապօրինաբար գտնվել է անազատության և բանտարկության մեջ։ Այն, ինչ կատարվել է, ինձ համար անընդունելի է, ինչ-որ տեղ՝ անհասկանալի։ Բայց ամեն մեկն ինքն է որոշում իր ընթացքը, իր գործունեությունը, և ամեն մեկն իր արած քայլերի համար տալիս է բացատրություն, կրում պատասխանատվություն։ Անկեղծ, ես ափսոսում եմ։ Ինչ է փոխվել, ինչ է կատարվել, մանրամասներին տեղյակ չեմ։ Հեշտ չի լինելու, մարդիկ են լինելու, որ չեն դիմանալու, որ ընտրություն են անելու այս ամենի մեջ, բայց դա որևէ կերպ և որևէ ձև մեր շարժման ընթացքի… Մանվել Փարամազյանը մեր շարժման կազմակերպիչներից կամ առաջնորդներից չէր, որի քայլից շարժումը մեծ վնասներ է կրելու։ Ես չեմ բացառում, որ նման դեպքեր էլի կլինեն, բայց բացառում եմ, որ նման դեպքերը մեծ ազդեցություն կունենան շարժման վրա։ Ով գնալու է՝ թող գնա, տեսնենք՝ տակը քանի հոգի է մնում, մենք էլ իմանանք՝ ուր ենք գնում, այսինքն՝ որևէ կերպ չի կարող ազդել մեր հետագա գործունեության ազդեցության վրա, եթե որոշ կորուստներ այս ճանապարհի ընթացքում ունենանք»։

Սաղաթելյանը վստահ է, որ իշխանությունների կողմից շատ մեծ ճնշում է գործադրվել Մանվել Փարամազյանի նկատմամբ․ «Դա պայմանավորում եմ դրանով, այլ պարագայում չէր անի այն, ինչ արել է»։

Տեսանյութեր

Լրահոս