«Առաջին ցնցումը ձայնով էր, ուժեղ գռռոցը լսվում էր․ վթարային շենքի բնակիչները փախել են դուրս ու մինչև հիմա դրսում են, վախենում են տուն գնալ»․ Ամասիայի համայնքապետ
«Այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Ամասիայում շատ ուժեղ ցնցումներ են գրանցվել, բայց, բարեբախտաբար, փլուզումներ չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։
Համայնքապետի խոսքով՝ հետցնցումները ևս ուժգին են եղել․
«Շենքերը ցնցվել են, բարձրահարկ վթարային շենք ունենք, որ մարդիկ հազիվ փախել են դուրս ու մինչև հիմա դրսում են, վախենում են տուն գնալ։ Առաջին ցնցումը ձայնով էր, ուժեղ գռռոցը լսվում էր, երկրորդ-երրորդ ցնցումներն առանց ձայն էին, բայց՝ էլի ուժգին։ Վերջին հետցնցումը, որ եղավ, մենք համայնքապետարանի շենքում էինք՝ 3-րդ հարկում, աշխատակիցները վազելով շենքից դուրս փախան․․․»։
Ամասիա համայնքում 4 հարկանի 11 շենք կա, որոնցից միայն երկուսում են ամրաշինական աշխատանքներ կատարավել։ Համայնքի ղեկավարն ասաց, որ իրենք ևս ապրում են չորս հարկանի շենքում։ Պատմեց, թե երկրաշարժն ինչպես է նկատվել իրենց բնակարանում․
«Մենք երկրորդ հարկում ենք ապրում, հազիվ հասցրեցինք դուրս գալ․․․ Լյուստրաներն էին շարժվում, սպասքը, սերվանդների ապակիներն են ավելի շատ շխկշխկում․․․ Մի խոսքով՝ ժողովուրդը լրիվ դուրս թռավ, հնարավոր չէր մնալ շենքում»։
Նշենք, որ Ամասիայի 3 մուտքից բաղկացած վթարային շենքում 32 բնակարան կա, սակայն բնակիչների մեծ մասն այնտեղ չեն ապրում, ընդամենը՝ 10 ընտանիք։ Նրանք սեփական կյանքը վտանգելով՝ ճարահատյալ ապրում են այդ շենքում, հույսով, որ Կառավարությունը համապատասխան վթարային կարգ կտա շենքին և բնակիչներին նոր բնակարաններով կապահովի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ժամը 07:36-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Շուրջ 2 ժամ անց՝ 09:10-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Հերթական երկրաշարժը գրանցվել է ժամը 10:14-ին, կրկին Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։