«Երկրաշարժի ժամանակ բնակիչները դուրս են եկել շենքից, որոշ ժամանակ մնացել են դրսում․ ահագին երկար տևեց ցնցումը»․ Աշոցք համայնքի ղեկավար
Այսօր առավոտյան ժամը 07:36-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ արևելք, 4.4 մագնիտուդով գրացված երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք համայքնում։
Աշոցքի համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, բարեբախտաբար, իրենց համայնքում ավերածություններ և զոհեր չկան․
«Շատ լուրջ զգացվել է երկրաշարժը՝ մոտ 6 բալ, բազմաբնակարան շենքերի բնակիչները դուրս են եկել շենքից, որոշ ժամանակ մնացել են դրսում՝ մինչև ցնցումները անցնեին։ Ահագին երկար տևեց ցնցումը․․․ Մոտ 2 ժամ հետո ունեցանք երկրորդ ցնցումը՝ մոտավորապես 4 բալ ուժգնությամբ․․․»։
Համայնքի ղեկավարն ասաց, որ ընդամենը 1 ահազանգ են ստացել բնակիչներից, այն էլ՝ անասնագոմի փլուզում է եղել, բայց դեռ չեն մեկնել դեպքի վայր և ուսումնասիրություն չեն կատարել։
«Փառք Աստծո՝ փլուզումներ, մեծ ավերավածություններ, տուժածներ չունենք․․․»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ժամը 07:36-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Շուրջ 2 ժամ անց՝ 09:10-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Հերթական երկրաշարժը գրանցվել է ժամը 10:14-ին, կրկին Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։