Ծառուկյանի ընտանիքին պատկանող կազինոն հոկտեմբերի 1-ից կաշխատի. Կառավարությունը որոշումն ընդունեց
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նախագիծը զեկուցելիս նախ անդրադարձավ դրա նախապատմությունը․
«Քովիդ-19 համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում պարետի դեռևս 2020 թվականի մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են որոշ տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ խաղատնային գործունեության կազմակերպումը։
Պետական տուրքի մասին 32-րդ հոդվածի համաձայն՝ խաղատան կազմակերպման լիցենզիայի համար սահմանված է տարեկան պետական տուրք, որը վճարվում է եռամսյակային պարբերականությամբ, տարեկան պետական տուրքի մեկ քառորդ չափաբաժիններով, որը եռամսյակի համար կազմում է 1.375.000.000 դրամ (մեկ միլիարդ երեք հարյուր յոթանասունհինգ միլիոն)։
Ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350Ա որոշմամբ, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին Ֆինանսների նախարարության կողմից տրված խաղատան կազմակերպման լիցենզիան երկրորդ անգամ կասեցվել է, և հիմք ընդունելով գործող օրենսդրությունը՝ այն դադարեցվել է։
Ընդ որում՝ Ֆինանսների նախարարի հրամանով սահմանվել է, որ նշված վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման»։
Փոխնախարարն ասաց, որ ընկերությունը վիճարկել է Ֆինանսների նախարարի հրամանը․
«Դատական գործընթացներ են սկսվել Վարչական դատարանում, այնուհետև Ֆինանսների նախարարությունն ի վնաս իրեն, այսինքն՝ ի օգուտ ընկերությանը կայացված որոշումը վիճարկել է Վերաքննիչ վարչական դատարանում։
Ի վերջո, դատական գործընթացները հանգուցալուծվել են Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմամբ, որով Վարչական դատարանի կողմից 2021 թվականի փետրվարի 15-ին ընկերության օգտին կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Արդյունքում՝ ընկերության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից, մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում՝ պետք է վերահաշվարկվեն և զրոյացվեն։ Մյուս կողմից, պետական տուրքի մասին օրենքում պետական տուրքի գծով պարտավորությունների դադարեցման համապատասխան հիմքերի բացակայությամբ պայմանավորված, ընկերությունը շարունակում է կրել վերը նշված ժամանակահատվածը չընդգրկող, այսինքն՝ այդ ժամանակահատվածը նախորդող ժամանակահատվածի համար առաջադրված տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները, ներառյալ այն ժամանակահատվածի համար, որը պարետի որոշմամբ սահմանված է եղել որպես խնդրո առարկա գործունեության տեսակի համար կասեցման ժամանակահատված, դա եղել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 20-ը։
Արդյունքում՝ խաղատան կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2020 թվականի երկրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 4.162.812.000 (չորս միլիարդ հարյուր վաթսուներկու միլիոն ութ հարյուր տասներկու հազար) դրամ։
Ֆինանսների փոխնախարարի հոսքով՝ ստեղծված իրավիճակում խնդիրը 2 հանգուցալուծում կարող է ունենալ․
«Տարբերակ առաջին՝ օրենքի ընդունմամբ տրամադրել արտոնություններ։ Տարբերակ երկրորդ՝ հիմք ընդունելով պետական տուրքի մասին օրենքի համապատասխան կարգավորումը Կառավարության կողմից ընկերության համար այդ վճարումը կատարել։ Ըստ էության առաջարկվում է ընտրել 2-րդ տարբերակը, առաջարկությանը հավանություն տրվելու պարագայում Կառավարությունն ընկերության անունից այդ ժամանակահատվածի համար խնդրո առարկա գումարով պետական տուրքի վճարումը կկատարի»։
Նիկոլ Փաշինյանը ևս նշեց, որ խնդիրն առաջացել է, երբ Կառավարությունը Քովիդի բերումով վարչական որոշմամբ արգելել է ընկերության «կազինոյի» գործունեությունը, բայց արգելքի պայմաններում առաջացել են տուրքեր, որոնք շատ մեծ են, դրա համար ընտրել են երկրորդ տարբերակը․
«Այս որոշմամբ ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից այս ընկերությունը 0-ից՝ մաքուր թերթից, սկսելու հնարավորություն ստանա։ Հիմա ի՞նչ իրավիճակ է։ Երբ մենք շարունակաբար հետապնդում ենք էս 4.162.812.000 (չորս միլիարդ հարյուր վաթսուներկու միլիոն ութ հարյուր տասներկու հազար) դրամը, մանավանդ դատական ակտի պայմաններում, ստացվում է, որ պետությունն ինքն իրեն զրկում է նոր 4-5 միլիարդ պոտենցիալ եկամտից․․․»։
Նշենք, որ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի բաժնետերերն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, ինչպես նաև՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնը։



