Փաշինյանի ուղերձը՝ ապրիլմեկյան հումոր՝ գռեհիկ, անճաշակ, անմակարդակ. այսուհետ կարող են ոչ միայն ծիրանի, այլև ժողովրդավարության արտահանմամբ զբաղվել»․ Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մեծամասամբ շեշտել է Հայաստանի Հանրապետության ժողովրդավար լինելը։

«Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն: Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է․․․»,- նշված է Փաշինյանի ուղերձում։

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում Փաշինյանի այս ուղերձը հետևյալ կերպ մեկնաբանեց․

«Եթե այսօր ապրիլի 1-ը լիներ, Սահմանադրության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ես կհամարեի ապրիլմեկյան հումոր, բայց՝ գռեհիկ, անճաշակ, անմակարդակ հումոր։ Ես հասկանում եմ, որ միջազգային «իրավապաշտպան» կառույցները, որոնց համար Նիկոլ Փաշինյանը հոգեզավակ է, որի ձեռքով իրենք քանդում են Հայաստանը, բնականաբար, պետք լինի՝ Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարության ռահվիրայի Նոբելյան մրցանակ էլ կտան՝ աշխարհաքաղաքական իրենց խնդիրները լուծելու համար․․․ Բայց մենք տեսնում ենք բացարձակապես այլ իրականություն։

Տեսնում ենք Նիկոլ Փաշինյան, որը 2018 թվականին բղավում էր՝ Հայաստանում այլևս զենքով հարց չի լուծվելու, բայց այսօր Հայաստանը կամաց-կամաց սկսում է Սիցիլիայի հետ քույր քաղաք դառնալու հավակնություններ ցուցաբերել, որտեղ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար մարդու գլխին կարող են վինչեստրով տասնյակ կրակոցներ անել։ Մենք տեսնում ենք խոսքի ազատության տոտալ ոտնահարում, լրագրողների հանդեպ հետապնդում։ Եթե սա է Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի պատկերացրած ժողովրդավարությունը, ուրեմն՝ այո՛, կարող ենք արձանագրել, որ Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն է և այսուհետ կարող է նաև զբաղվել ոչ միայն ծիրանի, այլև ժողովրդավարության արտահանմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս