«Ափսոս, որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ». Էրիկ Բազինյան

Կանադաբնակ մեր հայրենակից, WBO վարկածով բռնցքամարտի՝ աշխարհի մինչև 24 տարեկանների չեմպիոն Էրիկ Բազինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այլևս չի ներկայացնելու Հայաստանը:

«Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ, ցավոք սրտի, ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը: 28 պրոֆեսիոնալ մենամարտ հաղթելուց հետո, WBO վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց հետո, ամբողջ աշխարհում բարձր մակարդակի վրա ՀՀ դրոշն ու անունը պահելուց հետո, 27 տարեկանս լրանալուց հետո, պատերազմի ժամանակ մեծ օգնություններ տալուց հետո, լինելով Կանադայի քաղաքացի և այսքանից հետո շարունակական արհամարհանք ու մերժում ստանալ իմ երկրի կողմից, կարծում եմ, որ վերջն է: Ափսոս, որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ: Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ ինձ աջակցել ու աջակցում են: Անկախ ամեն ինչից, հպարտ եմ, որ Հայ եմ»,- գրել է նա:

Գրառմանն արձագանքել էր ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով քաջատեղյակ էր խնդրին:

«Էրիկ ջան՝ էսպես էլ հայրենիքը ներկայացնող բազմաթիվ հրաշալի տղաների օտարում են սեփական երկրից։ Շատ ցավում եմ, որ ես էլ չկարողացա ոչինչ անել՝ որևէ կերպ սրանց հետ երկխոսել հնարավոր չեղավ»,- նշել էր նա:

Դեռևս շուրջ մեկ տարի առաջ Էրիկ Բազինյանը բաց նամակով էր հանդես եկել՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին ու պատկան մարմիններին, որտեղ ներկայացրել էր իր խնդիրը:

«Սիրելի հայ ժողովուրդ, ՀՀ իրավասու պաշտոնատար անձինք

Ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանն եմ: 16 տարեկանից ապրում եմ Կանադայում: Իմ կարիերայի ընթացքում վարել եմ 25 մենամարտ և 25-ում էլ հաղթել եմ: Եղել եմ մինչ 24 տարեկանների՝ WBO վարկածով աշխարհի չեմպիոն: Այս տարի պայքարելու եմ աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար:

Չնայած նրան, որ ապրում եմ Կանադայում և մենամարտերս անցկացնում եմ Կանադայում և Ամերիկայում, միշտ հանդես եմ եկել Հայաստանի եռագույնի ներքո և բարձր պահել մեր դրոշն ու «ՀԱՅ» անունը:

Ցավոք, գտնվելով այստեղ՝ օբյեկտիվ պատճառներով չեմ կարողացել կատարել իմ քաղաքացիական պարտքը ու ծառայել հայկական բանակում: Ներկա պահին իմ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված. գտնվում եմ հետախուզման մեջ:

Արդեն 10 տարի է, ինչ չեմ եղել իմ հայրենի հողում և, բնականաբար, դեռ չեմ էլ կարող հայրենիք գալ. կարոտը խեղդում է, սակայն անզոր եմ որևէ բան անել…

Ես արդեն կազմել եմ ընտանիք և ունեմ 3 տարեկան տղա՝ Էդուարդս, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեմ կարող թողնել ընտանիքս, մարզական հաջողակ կարիերաս ու վերադառնալ Հայաստան՝ ծառայության:

Չեմ ուզում ծեծված բառեր ասել, բայց ես էլ իմ ուժերի ներածին չափով եմ ճանաչելի դարձնում Հայաստանը՝ իմ ծառայությունը երկրին մատուցելով բազմահազար հայրենակիցներիս հպարտության ու բերկրանքի պահեր պարգևելով:

Միշտ երկրիս օգնել եմ հնարավորությանս չափով թե բռնցքամարտում, թե բռնցքամարտից դուրս:

44-օրյա պատերազմի ժամանակ մեծ քանակի տարատեսակ օգնություն եմ ուղարկել մեր զինվորներին, ինչի մասին բոլորն են քաջատեղյակ:

Իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու խնդրանքով դիմել եմ շատ բարձրաստիճան պաշտոնյաների՝ սկսած պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանից, վերջացրած՝ Ազգային ժողովի պատգամավորներից: Ես խնդրել եմ վերացնել հետախուզումը, որպեսզի կարողանամ մուտք գործել իմ հայրենիք, կարոտս առնել, կարողանալ փորձս ներդնել մեր սպորտի զարգացման մեջ, օգնել ֆինանսապես, կարողանալ մարզվել իմ երկրում մեծ մենամարտերից առաջ, բայց, ցավոք, մերժվել եմ. Բոլոր դռները փակել են իմ առաջ:

Անկեղծորեն չեմ հասկանում իմ նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը: Մի՞թե հանցանք եմ գործում՝ ամեն անգամ բարձր պահելով մեր եռագույնը:

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաներին՝ խնդրանքով, որ ինձ հնարավորւթյուն տան՝ վերադառնամ հայրենիք: Պատրաստ եմ կատարել օրենքով սահմանված բոլոր ֆինանսական պարտավորություններս՝ ի փառս և ի հզորություն մեր բանակի:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր միշտ իմ կողքին են, թեկուզ ոչ ֆիզիկապես:

Ես հպարտ եմ, որ հայ եմ, դա իմ արյան մեջ է, և չեմ կարծում՝ վատ կամ դժվար բան եմ ցանկանում ու խնդրում իմ հայրենիքից:

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու և կարդալու համար: Հուսով եմ, մի օր կհանդիպենք մեր սիրելի Հայաստանում:

Սիրով՝ ձեր Էրիկ Բազինյան»,- գրել էր նա:

Մենք հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են Կառավարության նիստում, բնականաբար, գաղտնի քննարկվող հարցերի շրջանակում, ինչ-ինչ հիմնավորումներով բանակից ազատվում կասկածելի տաղանդի ու վաստակի տեր անձինք, ովքեր հիմնականում չգիտենք՝ ինչ վաստակի համար են տարկետում ստանում: Իսկ մեր այն հայրենակիցները, ովքեր մշտապես բարձր են պահում աշխարհում ՀՀ-ի անունը, դառնում են հետախուզվող անձինք ու, ի վերջո, ստիպված հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից:

Տեսանյութեր

Լրահոս