«Կարող են դիմել ՍԴ, բայց․․․»․ Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց Նաիրա Զոհրաբյանի դեպքը
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 66 կողմ, 0 դեմ ձայներով Իշխան Սաղաթելյանին զրկեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ բոլոր հարցերը քննարկվել են խմբակցության վերջին նիստում, և որոշում է կայացվել այս պահին հետ կանչել ԱԺ նախագահի տեղակալին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին.
«Այլ որոշում դեռ չի կայացվել, բայց քննարկումներ կան, առաջիկայում որոշում ունենալու դեպքում մենք կրկին կտեղեկացնենք»։
Հարցին՝ այս պաշտոնների համար ընտրություն կազմակերպվելո՞ւ է, թե՞ հնարավոր է՝ թափուր մնան, Հովհաննիսյանը թիրախավորելով լրատվամիջոցը, որը ներկայացնող լրագրողն իրեն հարց էր ուղղել, ասաց՝ նոր թեկնածուների առաջադրման հարցը պետք է տաք ձեր լրատվականների ղեկավարներին, իսկ թափուր կմնա, թե չէ, այո՛, հնարավոր է՝ թափուր մնա։
Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է՝ այս գործընթացից հետո այլևս մանդատներից զրկելու հարց չառաջանա, իշխանությունն այսքանով բավարարվի, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց, թե դա կախված է հանգամանքներից․
«Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռևս քննարկման փուլում է, պայմանավորված հետագա զարգացումներով և ընդդիմադիր պատգամավորների պահվածքով նաև՝ խորհրդարանական պահվածքի մասին է խոսքը գնում, մենք ըստ այդմ՝ նաև կկայացնենք որոշում»։
Հարցին՝ արդյոք ԱԺ-ն առանց փոխնախագահի լեգիտի՞մ է, Հովհաննիսյանը պատասխանեց, թե լեգիտիմության խնդիր չկա․
«Ազգային ժողովի խորհրդարանը լեգիտիմ է, ՀՀ քաղաքացին արտահայտել է իր կամքը, և այդ կամքի արդյունքում ձևավորվել է լեգիտիմ Ազգային ժողով։ Ընդդիմադիրները 2 պաշտոնի համար էլ կարող են առաջադրել որևէ թեկնածուի, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի իրավունք ընտրելու կամ չընտրելու»։
Դիտարկմանը, որ ընդդիմությունն իրավունք ունի պաշտոններից զրկելու հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում, Արթուր Հովհաննսյանը հիշեց նախորդ գումարման Ազգային ժողովը, երբ Նաիրա Զոհրաբյանին էին հեռացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից․
«Երբ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին 7-րդ գումարման Ազգային ժողովում հետ կանչեցինք իր պաշտոնից, այդ ժամանակ Նաիրա Զոհրաբյանը դիմել է Սահմանադրական դատարան և որևէ արդյունքի չի հասել, որովհետև այս հարցը բացառապես Ազգային ժողովի ներքին կանոնակարգման հարցն է։ Բայց կարող են դիմել»։
ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ, եթե ընդդիմադիրները սահմանված ժամկետում թափուր պաշտոնների համար թեկնածու չառաջադրեն, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այն անցնում է մեծամասնությանը։
«Բայց ես կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել և խոսք չի կարող գնալ, որ պաշտոն են զավթում և այլն․․․»։
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե ՔՊ-ում մարզային խորհուրդների ընտրություններում թեժ պայքար է, ՔՊ-ի անդամները տարբեր թևերի են բաժանվել, Հովհաննիսյանն ասաց․
«Հա՛, թեժ պայքար է, որովհետև ներկուսակցական ընտրությունները շատ թեժ են, ժողովրդավար սկզբունքներով են իրականացվում, և էդ իմաստով, այո՛, թեժ են․․․»։