1.3 միլիարդ դրամ՝ անգլիական ընկերությանը՝ Փաշինյանի հռչակած ամենամասշտաբային քրգործով ՀՀ-ի շահերը պաշտպանելու համար
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը մինչև 2018 թվականը կառուցող և 2018 թվականի իշխանափոխությունից հետո հարուցված քրեական գործով այդ ճանապարհի աշխատանքները կիսատ թողած իսպանական «Կորսան-Կորվիամ» ընկերության դեմ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որով պայմանագիր է կնքվել անգլիական «Արկադիս Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում)։
ՀՀ կառավարության թույլտվությամբ՝ պայմանագիրը կնքել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որպեսզի արբիտրաժային դատարանում ՀՀ-ի շահերն այս ընկերությունը պաշտպանի ընդդեմ «Կորսան-Կորվիամ» ընկերության։
Այդ գումարով անգլիական այս ընկերությունն իր հերթին՝ վճարելու է American Engineering Testing, Inc․ լաբորատորիային, որը մասնագիտացված լաբորատորիա է և իրականացնելու է ստուգումներ և փորձարկումներ՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի՝ արդեն իսկ կառուցված և քրեական գործով անցնող ճանապարհահատվածի վերաբերյալ։
Թե ինչ սկզբունքով է ՀՀ կառավարությունը համաձայնել անգլիական ընկերության հետ կնքել պայմանագիր, ինչ ընկերություններ են հայտ ներկայացրել և ինչ սկզբունքով է ընտրվել հենց անգլիական այս ընկերությունը, Կառավարության ընդունած որոշման մեջ գրված չէ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ քննության արդյունքում քրեական գործ է հարուցվել «Կորսան-Կորվիամ» ընկերության դեմ, և գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, իսկ պետությանը հասցված վնասը գնահատվել է գրեթե 50 մլն դոլար:
2022 թվականի փետրվարին դեռևս չկա այս գործով որևէ դատավճիռ։
Հիշեցնենք՝ երբ 2018 թվականի իշխանափոխությունից հետո «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության աշխատանքները կասեցվեցին՝ հարուցված քրեական գործով պայմանավորված, ենթակապալառուները չվճարվեցին շինարարական աշխատանքների համար, ինչն էլ իր հերթին՝ առաջացրեց դժգոհության մեծ ալիք։
Կառավարությունը «Կորսամ-Կորվիամ» ընկերության հետ պայմանագրեր կնքած ընկերություններին վճարեց՝ 2 մլրդ 228 մլն 549 հազ 216 դրամ բյուջետային վարկի հաշվին։
Ու թեև Նիկոլ Փաշինյանը երեք տարի առաջ հայտարարել էր, որ սա հարուցված ամենամասշտաբային քրեական գործն է, և հույս էր հայտնել, որ նախաքննությունը կոնկրետ արդյունքներ կունենա, պետությանն ու հանրությանը պատճառված վնասն էլ կփոխատուցվի, սակայն 2 տարի անց ոչ թե պետբյուջե գումար է վճարվել, այլ ընդհակառակը՝ պետությունը շարունակում է վճարել քրեական գործով իր շահերի պաշտպանության համար։