Բաժիններ՝

«Ես էդ հարցը «ուլադիտ» կանեմ». նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մանրախնդրությունն ու ինքնիրավչությունը

Շուրջ երկու շաբաթ առաջ 168.am-ը ահազանգել էր այն մասին, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) ինքնիրավչության աղաղակող գործելակերպով է հանդես եկել՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից դուրս որոշում կայացնելով:

Պարզվում է, սակայն, որ սա մեր օրերում միակ ինքնիրավչության օրինակը չէ:

168.am-ի տնօրինման տակ եղած փաստերով՝ դեռևս անցած տարվա հոկտեմբերին Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) Երևանի քաղաքապետարանին առաջարկություն էր ներկայացրել՝ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում իր ենթակայության ներքո գտնվող հիմնարկների՝ պատերազմում աչքի ընկած աշխատակիցներին պարգևատրելու վերաբերյալ՝ խնդրելով տրամադրել համապատասխան անվանացանկով ցուցակ:

Արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին՝ ներկայացնել պարգևատրման արժանի պաշտոնյաներին։

Պարգևատրման թեկնածուների ցուցակը ստանալով, սակայն, Հայկ Մարությանը հայտնաբերում է, որ ցուցակում բացակայում է Երևանի քաղաքապետարանի երկարամյա աշխատակից, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանի անունը։ Ընդ որում, պատերազմի օրերին Գալստյանի ղեկավարած վարչությունը խոշոր ծավալի աշխատանք է կատարել՝ կազմակերպելով Երևանի քաղաքային ավտոբուսների գործածմամբ մարդկանց և բեռների տեղափոխումը դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ, այդ թվում՝ նոյեմբերի 9-ից հետո կազմակերպել է արցախցի հայրենակիցների զգալի մասին վերադարձը։

Սակայն այն ժամանակվա առաջին տեղակալ, իսկ ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, իր համակարգման ներքո գտնվող տրանսպորտի վարչության պետի հետ ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով, հրաժարվել է Մարությանին ներկայացնել Գալստյանի թեկնածությունը, քանի որ իր կարծիքով՝ վերջինս արժանի չէ այդ պարգևին: Քաղաքապետ Մարությանը,  սակայն, պնդել է իր դիրքորոշումը, և 20 հոգանոց ցուցակը, ներառյալ՝ տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանի անունը, ուղարկվել է Պաշտպանության նախարարություն:

Քաղաքապետարանի մեր աղբյուրները մեզ տեղեկացնում են, որ իր ողջ պաշտոնավարման ընթացքում Հրաչյա Սարգսյանը խնդիրներ է ունեցել Էդգար Գալստյանի հետ, մշտապես Հայկ Մարությանին գանգատվել է, որ չի կարողանում աշխատել նրա հետ, վերջինս էլ նշել է, որ փոխքաղաքապետն ազատ է իր գործողություններում, կարող է աշխատանքից ազատել տրանսպորտի վարչության պետի, եթե դրա համար համապատասխան հիմքեր կան։ Հիմքեր ըստ էության չեն գտնվել, և Էդգար Գալստյանը շարունակել է պաշտոնավարել:

Պարգևատրման ենթակա աշխատակիցների ցուցակը ՊՆ ուղարկելուց հետո կարճ ժամանակ անց՝ 2021-ի դեկտեմբերին, ինչպես հայտնի է, սկսվում է Հայկ Մարությանի պաշտոնանկության գործընթացը, և քաղաքապետ է դառնում Հրաչյա Սարգսյանը:

Հունվարին աշխատանքից ազատվում է նաև պարգևատրման ներկայացված Էդգար Գալստյանը, և հենց հունվարին էլ ՊՆ-ից մեդալները հասնում են քաղաքապետարան: Բոլորին բաժանում են, սական արդեն քաղաքապետ Հրաչյան Սարգսյանը արգելում է ՊՆ-ից ստացված գերատեսչական պարգև տալ նաև Էդգար Գալստյանին:

«Ես էդ հարցը «ուլադիտ» կանեմ»,- այսպես է արձագանքել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այն դիտարկմանը, թե մեդալն ամեն դեպքում պետք է տրվի տրանսպորտի վարչության նախկին պետին:

Մինչ Հրաչյա Սարգսյանը «կկարգավորեր» հարցը, Էդգար Գալստյանը դիմում է Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել իրեն հասանելիք պարգևը։

Միևնույն ժամանակ ՊՆ-ից զանգում են քաղաքապետարան, հորդորում հացեատիրոջը հանձնել իր պարգևը, ինչին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանում է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, Էդգար Գալստյանը պարգևատրման ներկայացված չի եղել, նրա անունը չպիտի լիներ պարգևատրվածների ցուցակում, մի խոսքով՝ նա այդ մեդալը չի ստանալու:

Պաշտպանության նախարարությունում իրենց լսածից հավանաբար մշակութային շոկ են ապրում, սակայն ամեն դեպքում քաղաքավարի կերպով Հրաչյա Սարգսյանին տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ օրենսդրության, պարգևատրման վերաբերյալ պաշտպանության նախարարի հրամանները չեղարկման ենթակա չեն, եթե չկա պարգևատրվողի նկատմամբ հարուցված քրեական գործ, կամ վերջինիս անունը չի կապվում ծառայողական քննության հետ:

Արդյունքում՝ մեկ նամակ էլ Էդգար Գալստյանին են ուղարկում՝ խնդրելով տեր կանգնել իր պարգևին:

Էդգար Գալստյանն իր «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալը, այնուամենայնիվ, ստանում է… ՊՆ-ից:

Այդ մասին նա իր ֆեյբուքյան էջում օրերս գրառում էր կատարել՝ նշելով. «Շնորհակալ եմ պարգևատրման ներկայացնողներից, պարգևատրողներից գնահատականի համար։ Միաժամանակ շատ նողկալի է, որոշ անձանց մասով, ՊՆ-ից ստանձնած պարտավորությունը` ընդամենը պարգևատրված անձի պարգևը փոխանցելու հարցում ցուցաբերած գործելաոճի համար»:

Ակնարկը, անշուշտ, վերաբերում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, որը, հերիք չէ՝ մանրախնդրության ու էժան գործելակերպի վառ օրինակ է ցուցադրել, դեռ մի բան էլ զբաղվել է ինքնիրավչությամբ՝ դիտավորությամբ հրաժարվելով մարդուն հանձնել իրեն հասանելիք գերատեսչական պարգևը՝ իր անձնական քինախնդրությունը բավարարելու նկատառումներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս