Մինչ հայկական ինքնաթիռները Եվրոպայի «սև ցուցակում» են, ԱՄՆ-ը ադրբեջանական ինքնաթիռներ է վարձում իր կարիքների համար

Փետրվարի 15-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպի ֆեյսբուքյան էջը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ը Ֆիլիպիններին է փոխանցել «Պֆայզեր» պատվաստանյութի լրացուցիչ 3.4 միլիոն դեղաչափ: Հրապարակմանը կից Պետդեպի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ էր ներկայացրել ֆիլիպինյան կողմի՝ ուղեբեռը ստանալու կադրերից:

Վերը բերված լուսանկարում պատկերվածը բեռնափոխադրումներ իրականացնող «Silkway» ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռ է, որը ԱՄՆ կառավարությունը փաստորեն վարձել է, որ պատվաստանյութի նշված քանակը հասցնի տարբեր երկրներ, տվյալ դեպքում՝ Ֆիլիպիններ:

Ադրբեջանական ավիացիան փաստացի այնպիսի հեղինակություն ունի, նրա որակն ու աշխատանքն այնքան բարձր են գնահատվում, որ ամերիկյան կողմը վարձում է նրանց ինքնաթիռներն իր կառավարության կարիքները հոգալու համար:

Սա աղետ է, սակայն վստահ ենք, ազգային ինքնասիրությանը հասցված այս հերթական ապտակը հայրենի իշխանությունները կընդունեն քրիստոնեաբար՝ դեմ տալով մյուս այտը ևս: Իրականում այս կառավարության համար առավել բնորոշ է հայկական լայնաբովանդակ առածանու այս նմուշը՝ թքում են երեսներին, ասում են՝ օխա՜յ, անձրև է գալիս:

Եվ սա՝ այն դեպքում, երբ մեր ինքնաթիռները գտնվում են եվրոպական երկրների «սև ցուցակում», այսինքն՝ մեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի «գործուն ջանքերի» շնորհիվ հայկական ինքնաթիռները չեն կարողանում  մուտք գործել Եվրոպայի օդային տարածք:

Ավելին, իր պաշտոնավարման ահռելի ժամանակահատվածը հայրենի Դանիայում անցկացնող Տաթևիկ Ռևազյանը ու Քաղավիացիայի պետական կոմիտեն ընդհանուր առմամբ մատը մատին չեն տալիս, որ «սև ցուցակում» ընդգրկվելուց գրեթե երկու տարի անց հայկական ինքնաթիռներն այնտեղից դուրս բերելու գոնե փորձ կատարեն:

Տեսանյութեր

Լրահոս