«Գնաց Լենինական, սումկեն գցեց վիզը, եկավ հասավ Երևան. ապե, թող հեռացի». Տարեց տղամարդը՝ Փաշինյանին

«Թոշակառու մարդիկ կոտորվում են, ոչ մեկը չի մտածում, թե ժողովուրդը 28000 դրամով մի կլոր ամիս ո՞նց է ապրում»,- 168.am-ի անցկացրած հարցախույզի ժամանակ ասաց Երևանի բնակիչ 83 տարեկան մի տղամարդ:

Նա դժգոհեց, որ հատկապես ձմռան ամիսներին կոմունալ ծախսերի համար անհամեմատ ավելի մեծ գումար են վճարում, իսկ արդեն 1 տարուց ավելի ձգվող գնաճի ֆոնին՝ միայն ցամաք հացով են յոլա գնում.

«Գազը, լույսը, ջուրը, աղբահանության գումարը եթե տվյալ մարդը մուծի, էլ ինչո՞վ պետք է ապրի: Գույքահարկն էլ է թանկացել, ես մուծում էի  400 դրամ, բայց հիմա դարձել է 3000 դրամ, էդ ո՞նց եղավ, 67 թվի շենք է, օրենքով ոչ մի կոպեկ չպետք է մուծեինք, բայց էդ մարդը շինել է 3000 դրամ»:

Դիտարկմանը, թե թոշակների բարձրացման համար միլիարդավոր գումարներ են հարկավոր, իսկ իշխանություններն ասում են, որ այդքան գումար չկա, տարեց տղամարդն ասաց.

«Եթե գումար չկա, բա էդ մինիստրին, մի դեպուտատին, որտեղի՞ց է 1.5 միլիոն փող տալիս, էդ որտեղի՞ց է տալիս այդ փողը, ժողովրդի քրտինքն է ամբողջը: Ղեկավար չկա, խեղճ ու կրակ ժողովրդին ոչ մեկը շան տեղ չի դնում, էս երկի՞ր ա… Մի հատ դիր հաշվարկի, որ օրական մի հատ 100 դրամոց հաց, մի հատ էլ մածուն չի կարա առնի մարդը»:

Քաղաքացուց հետաքրքրվեցինք, թե  2018 թվականին ընտրե՞լ է Նիկոլ Փաշինյանին, ինչից նա զայրացավ.

«Իրեն ընտրողի հերն անիծած, ես ոչ մեկին չեմ ընտրել, ոչ Լևոնին, ոչ Քոչարյանին, ոչ Սերժին, ոչ էլ սրան, ոչ մեկին չեմ ընտրել, ընտրության չեմ մասնակցել: Փաշինյանը եկել էր 3-րդ մաս, ինձ էլ էր քարոզում, ասում էր՝ արի իմ հետ, ասի՝ այ մարդ, գնա է: Սումկեն գցել էր մեջքը, եկավ, արձանի տակ հավաքվան մի քանի հոգի, ես թողի, գնացի տուն: Ասին՝ եկավ-եկավ, եկավ գնաց Լենինական, Լենինականից սումկեն գցեց վիզը, եկավ հասավ Երևան, ի՞նչ արեց, խոսացած խաղ էր: Դարձավ ամբողջ Հայաստանի ղեկավարը, ժողովրդին էլ դրել է նման վիճակի մեջ…»:

Հարցին՝ ի՞նչ կասեիք Նիկոլ Փաշինյանին, եթե, իհարկե, նրան հանդիպելու հնարավորություն ունենայիք, մեծահասակ տղամարդն ասաց.

«Կասեի՝ ապե, թող հեռացի, թող հեռացի, մի հատ արժանի մարդ գա, նստի երկիրը կառուցի, էդ ի՞նչ ես անում… Երկիրը ղեկավարում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Փաշինյանը չի ղեկավարում, ղեկավարում է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը քանդեց, նորից քանդեց…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս