«Նիկոլը ստախոս է․․․ էս տանջված ժողովրդին քրքրո՛ւմ են, տանջո՛ւմ են»․ քաղաքացիները՝ թանկացումների մասին

Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանում գրեթե ամեն բան թանկացել է՝ սննդամքերք, դիզվառելիք, ջուր, էլեկտրաէներգիա, գույքահարկ և այլն։ Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ այլևս անհնար է նման գնաճի պայմաններում տարրական սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ գնել։

168.am-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, լսել մարդկանց կարծիքները թանկացումների վերաբերյալ։

«Էլ տեղ կա՞, որ թանկանա, էլ տեղ կա՞, չկա՛, գոյություն չունի։ Ինչ վերաբերում է ջրի և էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ ահավոր ոչ մարդկային վերաբերմունք է»,- ասաց տարեց մի կին։

Հարցված քաղաքացիներից էլ մի տղամարդ ասաց՝ կյանքն է թանկացել, և, որ այս ղեկավարությունից լավ բան չեն սպասում»։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոսելով էլեկտրաէներգիայի և այլնի մասին՝ ասում էր՝ պետք է էժանանա, քաղաքացին զայրացավ․

«Ինքը միշտ սուտ է ասել, ինքը ստախոս է, միշտ էլ սուտ է ասում»։

Հարցվածներից մեկը ևս այս իշխանությանը ստախոս անվանեց․

«Լավ բան չեմ տեսնում, սուտ խոստումներ տվեցին։ Իշխանությունները շռայլում են ամեն ինչը, վայելում են, իսկ հասարակ ժողովուրդը տուժում է։ Ես սկզբից իրենց հավատացել եմ, բայց հիմա՝ չէ, հիմա լրիվ հույսներս կտրել ենք»։

Այնուամենայնիվ հարցվածների մեջ գտնվեց մեկը՝ տարեց մի տղամարդ, որ չնայած դժգոհեց թանկացումներից, սակայն իր գոհունակությունը հայտնեց իշխանություններից․

«Շատ գոհ ենք, լավ էլ իշխանություն է, ամեն ինչն էլ գոհացնում է»։

Դիտարկմանը, որ իշխանությունները աշխատավարձերը չեն բարձրացնում՝ պատճառաբանելով, թե բյուջեում գումար չկա, սակայն միևնույն ժամանակ՝ պարգևավճարներ, թանկարժեք մեքենաներ և այլ շռայլություններ են թույլ տալիս իրենց, մեծահասակ տղամարդն այսպես արձագանքեց․

«Թող մեքենա ունենան, քշեն, ի՞նչ ա եղել, մեքենան ի՞նչ ա խանգարում, բա կարո՞ղ ա պտի սելով ման գա, թագավոր ա, պտի լավ ավտոյով ման գա»։

Հարցված քաղաքացիներից մի կին էլ, որ տոպրակը ձեռքին խանութից էր դուրս եկել, ասաց․

«Ահավոր թանկություն է, ապրանքը երեկ ուրիշ գին էր, էսօր՝ ուրիշ գին։ Ամեն ինչ թանկացել է՝ պեսոկը, բրինձը, կոֆեն, ամեն ինչը։ Պեսոկը 450 դրամով առա, կոֆեն 2900 էր, հիմա դարձել է 3200 դրամ, սաղ թանկացել ա»։

Հարցվածներից մի տղամարդ էլ ասաց, որ գործող իշխանությունները միայն խոստումներ են տալիս, սակայն գործնականում ոչինչ չեն անում․

«Էս հոգնած, տանջված ժողովրդից ի՞նչ են ուզում, քրքրո՛ւմ են, տանջո՛ւմ են, ի՞նչ են ուզում էս ժողովրդից։ Ամեն ինչ թանկանում է, հարկային դաշտով երկիր չեն պահում, երկիր պահում են տնտեսությամբ։ Խոսքե՛ր, խոսքե՛ր, խոսքե՛ր, պետք չի առանց մարդկանց աչքերին նայելու՝ խաբել։ Հեռուստատեսությունը թույլ չի տալիս, որ իրենք մեր աչքերին նայեն, դրա համար էլ հանգիստ խաբում են»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս