Բաժիններ՝

Մահվան խորհուրդը մեր քրիստոնեական հոգևոր կյանքի կարևորագույն մտորումներից մեկն է

Մահվան խորհուրդը մեր քրիստոնեական հոգևոր կյանքի կարևորագույն մտորումներից մեկն է։ Քրիստոսի Խաչելությամբ և Հարությամբ քրիստոնյայի համար մահն այլևս ամենևին էլ վերջաբան չէ, այլ՝ պարզապես փոխակերպում: Փոխակերպում դեպի Հավիտենություն:

Սակայն թե ինչպիսին կլինի այդ հավիտենությունը՝ լի անվերջանալի տանջանքներո՞վ, թե՞ աստվածային խաղաղությամբ, կախված է միայն մեզնից:

Հաճախ է հնչում այն հարցը, որ եթե Աստված Սեր է, ապա ինչո՞ւ է ստեղծել դժոխքը, ուր հավերժ տառապում են կորուսյալ հոգիները, և ինչո՞ւ է թույլ տալիս դրա գոյությունը:

Իհարկե, Աստված Սեր է, և այդպիսին եղել է և կմնա հավիտյան: Եվ դեռ ավելին՝ Աստված այնքան սիրեց աշխարհը և մարդկանց, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն ուղարկեց՝ հանուն մարդկության մեղքերի և նրանց փրկության՝ տառապելու, խաչվելու և մահանալու, որպեսզի «Ով հավատա Նրան, փրկվի»:

Հայտնի է, որ երբ ամբոխը պահանջում էր Հիսուսի խաչելությունը, Պիղատոսը երկմտում էր, թե ում դատապարտել մահվան՝ Հիսուս Նազովրեցո՞ւն, թե՞ Հեսու Բարաբբային: Պիղատոսն իրականում քաջ գիտակցում էր, որ Հիսուս մահվանն արժանի որևէ մեղք չէր գործել, և անգամ ասում է այդ մասին Հիսուսին իր մոտ բերած զինվորներին: Բայց ամբոխի ճնշման ներքո Պիղատոսն ի վերջո կայացնում է Հիսուսին մահվան դատապարտելու որոշումը:

Եվ այդժամ բանտապետն ասում է Բարաբբային, որ լավ նորություն ունի նրա համար, ինչին Բարաբբան արձագանքում է միանգամայն անտարբերությամբ՝ մտածելով, որ, միևնույնն է, հասել է իր մահվան ժամը:

Սակայն բանտապետն ասում է, որ նրա փոխարեն որոշել են մահվան դատապարտել մեկ ուրիշին, և այնուհետև տանելով նրան խաչելության վայրն՝ ասում է․ «Տեսնո՞ւմ ես այն խաչերը»: Բարաբբան պատասխանում է․ «Այո՛ երեք հատ են»: Եվ բանտապետն ասում է․ «Այն մեջտեղինը քեզ համար էր նախատեսված, և այժմ դու նրա վրա մեռած պետք է լինեյիր»: Այս ամենին ոճրագործ Բարաբբան ապշահար պատասխանում է․ «Ինչպե՞ս թե, ուրեմն՝ այդ մարդը, որ հիմա խաչի վրա է, մահացավ հանուն ի՞նձ»: «Այո՛, և դու այժմ ազատ ես»,- պատասխանում է բանտապետը:

Եվ ահա, Հիսուս՝ Աստծո Միածին Որդին, Իր անմեղ արյունը թափեց, որպեսզի ոճրագործ չարագործը կյանք ունենա, և նրա օրինակով՝ յուրաքանչյուր չարագործի համար:

Եվ այսքանից հետո Աստված, լինելով կատարյալ Սեր, ինչպե՞ս պետք է իր երկնային թագավորություն ընդունի նրանց, ովքեր չցանկացան երդվել Իր Միածին Որդու Սուրբ Անունով: Նրանց, ում Նա չի դատապարտում գործած մեղքերի համար, այլ միայն ցանկանում է նրանց զղջումն ու ապաշխարությունը:

Եվ մի՞թե այսքանից հետո, իմանալով հավիտենական տանջանքների վայրի մասին, մենք կասկածում ենք, որ Աստված Սեր է: Եվ անգամ այս հարցն էլ մի կողմ թողնելով՝ մի՞թե մենք այսքանից հետո մեզ առհասարակ քրիստոնյա ենք համարում:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս