Նախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ քննարկում չի եղել. Արամ Սարգսյան

«Ուզում եմ, որ մեր բանակի 40-ամյակը նշենք շատ ավելի կայացած, սպառազինության առումով՝ ավելի հզորացած, մեր սահմանի կողմը նայողներին պինդ դաս տված»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բանակի 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Շնորհավորելով բանակի օրվա կապակցությամբ, Սարգսյանն ընդգծեց՝ պետության հիմքը բանակն է․

«Փառք Աստծո, ծանր պատերազմից հետո մենք այսօր էլի բանակ ունենք։ Գործընթացներ՝ բանակի վերազինման, վերակազմավորման առումով, արվում են, ու այդ հարցերին թող պատասխանեն իշխանավորները»։

Հարցին՝ արդյոք Ձեզ գոհացնո՞ւմ են բանակը հզորացնելու ուղղությամբ կատարվող քայլերը, Սարգսյանը պատասխանեց․

«Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ պատերազմից 1 տարի հետո, մի բան էլ ավելի, մենք արդեն իսկ պետք է ունենայինք հնարավորություն չարաբաստիկ բայրաքթարների դեմ պայքարելու, որովհետև, եթե նախորդ պատերազմում մեր պարտության հիմնական պատճառն օդից անպաշտպան լինելն էր, և մեր պաշտոնյաներն էլ որոշ առումով արդարանում էին դրանով, որ պարտվեցինք, որովհետև համապատասխան սպառազինություն չունեինք, հիմա 1 տարի է անցել, ես չէի ուզենա, ու Աստված մի արասցե, որ նոր պատերազմի դեպքում նորից ասենք՝ մեր օդը պաշտպանված չէ․․․»։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո, նախագահի պաշտոնում մի քանի քաղաքական գործիչների անուններ շրջանառվեցին, այդ թվում՝ Արամ Սարգսյանի, ուստի լրագրողներն այսօր  հարց ուղղեցին, թե արդյոք նման առաջարկ եղե՞լ է իշխանությունների կողմից, ինչին Սարգսյանը պատասխանեց․

«Չեղած առաջարկներն իմ տարիքում քննարկելը կամ դրանց պատասխանելը կոռեկտ չէ, նույնիսկ անհարմար է։ Իհարկե, քննարկումներ չե՛ն եղել, նախ պետք է ասեմ, որ մինչև ամսի 30-ը որևէ թեկնածուի հարց քննարկելն էլ ոչ կոռեկտ եմ համարում, որովհետև մինչև ամսի 30-ը Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահն է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս