Նիկոլի հետ անհնար է աշխատելը, Արմեն Սարգսյանը ճի՛շտ արեց. հարցում՝ Երևանում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Արմեն Սարգսյանի հրաժարականը լայն քննարկումների առիթ է դարձել: Սարգսյանի հրաժարականին երեկ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը, որոշ տեղեկություններ փոխանցելով.

«Որոշումն ինքը՝ նախագահն է կայացրել, երբ ես դրա մասին իմացել եմ, իսկ ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից մոտ 3.5 ժամ առաջ: Նա երեկ հրապարակումից 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, մենք խոսել ենք այդ մասին: Ես նախագահին հարցրել եմ, թե ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշումը: Այսինքն՝ փորձել եմ հասկանալ՝ այդ որոշումը քննարկման ենթակա՞ է, թե՞ ոչ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշումը»:

168.am-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և քաղաքացիներից հետաքրքրվել՝ արդյո՞ք սպասում էին, որ նախագահը հրաժարական կտար, և արդյոք ի՞նչ են կարծում, ինչո՞ւ հրաժարական տվեց նա:

«Ինձ համար սպասելի էր, որ ինքը հրաժարական պետք է տա, որովհետև ուրիշ ձև չէր էլ կարող լինել»,- ասաց մի կին։

Մի տղամարդ հարցից զայրացավ ու հետո  ինքը սկսեց հարցով պատասխանել․

«Չգիտե՞ք՝ ինչ է կատարվում երկրում․․․ Ճի՛շտ արեց, որովհետև Նիկոլի հետ անհնար է աշխատելը, ինքն անում է այն, ինչ որ իրեն պետք է, Նիկոլի հետ անհնար է։ Արմեն Սարգսյանը Սերժի ժամանակ եկավ, Սերժն էր առաջարկել, բայց հիմա հասկացավ, որ անհնար է Նիկոլի հետ աշխատելը, շատ ճի՛շտ արեց»։

Հարցվածներից մեծահասակ մի տղամարդ էլ ասաց, որ, եթե մի ղեկավար կար երկրում, ապա դա Արմեն Սարգսյանն էր․

«Այսօրվա այդ լակոտ-լուկուտները ոչ մի բան չեն հասկանում, ո՛չ պալիտիկայից, ո՛չ կյանքից, ոչ մի բանից, իրենք մենակ իրենց գրպանի մասին են մտածում, որ ասում են՝ կաշառք չեն վերցնում, ամենամեծ կաշառակերները նրանք են․․․»։

Ինչպե՞ս եք գնահատում արդեն նախկին նախագահի աշխատանքը՝ հարցին  քաղաքացիները տվեցին, թե՛ դրական, թե՛ բացասական պատասխաններ։

Իսկ թե ո՞ւմ են տեսնում նախագահի պաշտոնում, հարցված քաղաքացիների մեծ մասը պատասխանեց՝ ոչ մեկին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս