Քիչ հավանական կամ անհնար եմ համարում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի. Նիկոլ Փաշինյան

«Որոշումն ինքը՝ նախագահն է կայացրել, երբ ես դրա մասին իմացել եմ, իսկ ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից մոտ 3.5 ժամ առաջ: Նա երեկ հրապարակումից 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, մենք խոսել ենք այդ մասին: Ես նախագահին հարցրել եմ, թե ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշումը: Այսինքն՝ փորձել եմ հասկանալ՝ այդ որոշումը քննարկման ենթակա է, թե ոչ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշումը»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի դիտարկմամբ՝ Սահմանադրության հետ կապված հանրապետության նախագահի դիրքորոշումները հայտնի էին. «Նախորդ մեր հարցուպատասխանի ժամանակ, երբ մենք քննարկում էինք սահմանադրական փոփոխությունների թեման, ես ասացի, որ իմ դիրքորոշումը այդ կապակցությամբ մի փոքր տարբերվում է հանրապետության նախագահի դիրքորոշումից, կամ էականորեն է տարբերվում: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2018թ. հետո, երբ Արմեն Սարգսյանը ընտրվել է հանրապետության նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ նախագահի լիազորությունների մասով: Սահմանադրության մեջ ունեցել ենք փոփոխություն Սահմանադրական դատարանի մասով: Նկատի ունեմ՝ այս ողջ ընթացքում կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել, և ես նախկինում էլ այդ թեմային անդրադարձել եմ»:

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի հրաժարականի իրական դրդապատճառներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն նախկին նախագահի հրաժարականի տեքստում եղած որոշակի բացատրություններն ընդունում է ի գիտություն. «Պատեհ չեմ համարում, որ մեկնաբանեմ դա: Յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում՝ այդ կարգի որոշումների փաստարկները կշռելու մեթոդաբանությունը»:

Անդրադառնալով Hetq.am-ի հետաքննությանը, ըստ որի՝ իրականում Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ, և Մեծ Բրիտանիայի քաղաքացի էլ չի եղել, ինչպես նախկինում քննարկվում էր, այլ պարզվել է, որ Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել, Փաշինյանը նշեց. «Ես ինչքան հասկացա՝ վերջին 1-1.5 ժամվա մեջ է եղել հրապարակումը, ինձ տեղեկացրել են դրա մասին, չեմ հասցրել մանրամասն ծանոթանալ: Եթե նույնիսկ ծանոթանամ էլ, մեկնաբանություն չունեմ: Մի դիտարկում՝ Ձեր հարցի մեջ նշեցիք, որ հրապարակման մեջ նշված է եղել, որ նախագահ ընտրվելու պահին նա ՀՀ քաղաքացի չի եղել, ես դա, անկեղծ ասած՝ գրեթե անհնար եմ համարում: Համենայնդեպս, իմ քննարկելու մանրամասները չեն դրանք, որովհետև եթե այդտեղ կա որևէ փաստ, որին ՀՀ պետական որևէ մարմին պետք է արձագանքի, կարծում եմ՝ այդ մարմինները պետք է զբաղվեն դրանով»:

Ինչ վերաբերում է նախագահի հնարավոր թեկնածուին, նա նշեց, որ նախկինում այդ թեմայով քննարկում երբեք չեն ունեցել. «Բայց հասկանալի է, որ հիմա այդ թեման պետք է քննարկենք, և որոշումներ կայացնելիս՝ պետք է առաջնորդվենք վերջին 4 տարվա պատմության փորձով, և այո, ՔՊ խմբակցությունն է, որ պետք է ընտրի հանրապետության նախագահ: Առանց խորհրդարանական մեծամասնության հնարավոր չէ հանրապետության նախագահի ընտրությունը, և ես կարող եմ իմ եզրակացությունը ասել, որ պետք է գնանք այնպիսի լուծումների, որ հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն, առավել ևս հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ: Պետք է լինի այնպիսի իրավիճակ, երբ խորհրդարանը, կառավարությունը, հանրապետության նախագահը իրենց կապված են զգում միասնական պատասխանատվությամբ»:

Նա նշեց, որ քաղաքական ներդաշնակության հարցը կարևոր է լուծել. «Այդ ներդաշնակության սակավության պատճառով՝ մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել: Մասնավորապես, նախորդ տարի ԳՇ հայտարարության համատեքստում, մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ, և կարևոր է, որ այդպիսի իրավիճակների չառերեսվենք այլևս»:

Փաշինյանը հավելեց, որ թեև ՔՊ-ն առաջին փուլում չի կարող իր թեկնածուին անցկացնել, եթե խորհրդարանական ընդդիմությունը չքվեարկի, ապա երկրորդ, երրորդ փուլով դա կարող են իրականացնել. «Հետևաբար, ՔՊ-ն ի վիճակի է ընտրել հանրապետության նախագահ առնվազն երկրորդ փուլում: Բայց չեմ կարծում, թե մենք այս վիճակներում պետք է գնանք էքսպերիմենտների»:

 

Տեսանյութեր

Լրահոս