Ձեզ այստեղ մանդատ են տվել Նիկոլ Փաշինյանի Մարդու իրավունքների պաշտպանը լինելու համար. Մկրտչյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադառնալով իշխանական խմբակցության առաջադրած ՀՀ ՄԻՊ թեկնածուին ու խորհրդարանում այսօր շարունակվող ընտրական գործընթացին՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՄԻՊ թեկնածուի ընտրության քննարկումը հնարավոր չէ առանձնացնել այն իրավիճակից, որը հիմա առկա է Հայաստանի Հանրապետությունում։
«Հարկ եմ համարում մի քանի բնութագրիչներ և բնորոշիչ հատկանիշներ ասել, թե ինչպիսի իրավիճակում ենք մենք հիմա գտնվում։ Իհարկե՝ բռնաճնշումներ, ատելության խոսք, շարունակական անհանդուրժողականություն և բռնապետության տարրերի ուժեղացում։ Սրանք, իհարկե, գործողություններ են, որոնք անընդհատ խրախուսվում են մարդկանց կողմից, ովքեր հիմա գտնվում են իշխանությունում, ովքեր անդադար, բոլոր հնարավոր ձևերով խրախուսում են այս իրավիճակի վատթարացումը Հայաստանի Հանրապետությունում, չխորշելով դրա վատթար հետևանքներից։ Եվ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունն էլ առաջադրել են մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ընդունելի և ընկալելի են համարել, օրինակ՝ դագաղներով իշխանության գալը, իրենցից առաջ այստեղ՝ պատգամավորական աթոռներին նստած անձանց անչափահաս երեխաներին զանգելը, դպրոցներում իրենց անհանգիստ վիճակը կազմակերպելը, ԱԺ պատգամավորների հեռախոսահամարներ հրապարակելով և համարելով, որ դա շատ նորմալ ճանապարհ է իշխանության գալու համար»,- ասաց Մկրտչյանը։
Անդրադառնալով ՄԻՊ թեկնածուի և պատգամավորների հարցուպատասխանին, Աննա Մկրտչյանն ընդգծեց, որ Քրիստինե Գրիգորյանին մանդատ են տվել իշխանության պաշտպանը լինելու համար․
«Ոչ թե ընդհանրական առումով, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու, և ոչ ամենևին՝ Մարդու իրավունքների պաշտպանը լինելու։ Ձեզ նույնիսկ տվել են այն գործիքակազմը, որով դուք պետք է աշխատեք, կամ չե՛ք տեսնում, չե՛ք լսում, չե՛ք նկատում կատարվողը, կա՛մ ուղղակի համակարծիք եք լինում՝ համագործակցելով այդ իշխանության հասցեատիրոջ հետ․․․»
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում