Բաժիններ՝

«Հիվանդասենյակներում տեսախցիկների առկայությունն անթույլատրելի է և խախտում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնավոր կյանքի գաղտնիությունը». ՀՀ ՄԻՊ

ՀՀ գլխավոր դատախազությունը մեզ տրամադրել է տվյալներ այն մասին, որ 2021 թվականի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքեր չեն արձանագրվել: Սակայն, ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ միայն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 2021 թվականին արձանագրվել է ինքնավնասման 10 դեպք: Սա վկայում է այն մասին, որ հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքերի մասին իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն տեղեկացվում, ինչը խնդրահարույց է:

Այս մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց այսօր հոգեբուժարանների խնդիրներին նվիրված իր ասուլիսի ընթացքում:

«Հոգեբուժական կազմակերպություններում պացիենտների մոտ վնասվածքների պատշաճ արձանագրումը և դրա մասին իրավապահ մարմիններին ժամանակին տեղեկացումը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ու նրանց անվտանգության ապահովման տեսանկյունից առանձնակի նշանակություն ունի: Այս կապակցությամբ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար պահանջվում է միասնական պրակտիկա»,- ասաց Պաշտպանը:

Վերջինս նշեց՝ չնայած խնդրին բազմիցս են անդրադարձել, սակայն հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու միասնական կարգ գոյություն չունի, և հոգեբուժարանները շարունակում են դա իրականացնել սեփական հայեցողությամբ:

«Խնդրահարույց դեպք է արձանագրվել՝ կապված Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր ընդունվող պացիենտի մոտ հայտնաբերված վնասվածքների մասին իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու հետ: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր տեղափոխված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի մոտ բժշկական զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ քերծվածքներ, որոնք ենթադրաբար անձի մոտ առաջացել են մոր կողմից նրան հաստատություն տեղափոխելու ճանապարհին՝ գետնին քարշ տալու հետևանքով: Հոգեբուժական կազմակերպության բժշկական անձնակազմը նշել է, որ իրենք վնասվածքներն արձանագրել են, բանավոր դիմել են ոստիկանություն, սակայն պատասխան են ստացել առ այն, որ նմանատիպ վնասվածքների դեպքում ոստիկանությունը համապատասխան գործողություններ ձեռնարկելու իրավասություն չունի: Արդյունքում՝ դեպքը չի արձանագրվել, անհրաժեշտ քննություն չի տարվել»,- ասաց Արման Թաթոյանը:

Ըստ նրա՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հոգեբուժական կազմակերպություններում չի արձանագրվել օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկերը, չեն նկարագրվել վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը և վնասվածքը նկարագրող այլ չափանիշներ: Արձանագրություններում բացակայել է նաև բժշկի եզրակացությունը՝ վնասվածքի օբյեկտիվ նկարագրության և վնասվածքի պատճառների վերաբերյալ պացիենտի հայտարարության համադրությամբ, վնասվածքները չեն արձանագրվել գծապատկերներում և չեն լուսանկարվել:

Ինչ վերաբերում է բուժանձնակազմի աշխատանքային իրավունքներին, Պաշտպանի խոսքով՝ շարունակում է մտահոգիչ մնալ նաև այն, որ ոչ բոլոր հոգեբուժական կազմակերպություններում են գիշերային ժամերին հերթապահում հոգեբույժներ, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի քանակը բավարար չէ: Հոգեբուժական կազմակերպություններում միջին և կրտսեր բուժանձնակազմի քանակը հատկապես անբավարար է այն բաժանմունքներում, որտեղ պահվում են հատուկ խնամքի կարիք ունեցող անձինք:

«Հոգեբուժական կազմակերպություններում հիմնականում առկա չեն անհրաժեշտ թվով նեղ մասնագիտական պատրաստվածությամբ և արհեստավարժ հոգեբաններ, արտ-թերապիայի մասնագետներ, որոնք կապահովեն ոչ դեղորայքային մեթոդների կիրառումը, ինչով պայմանավորված՝ աշխատանքի արդյունավետությունը մնում է ցածր»,- ասաց Պաշտպանը:
Արման Թաթոյանը կարևորեց նաև այլընտրանքային բուժման մեթոդների կիրառությունը, և դրանց չկիրառումը կարող է բացասական ազդեցություն ունենալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական օգնության արդյունավետության և վերաինտեգրման վրա:

Խոսելով գերբնակեցման, հիվանդների արժանապատվության և մասնավոր կյանք ունենալու իրավունքի պատշաճ իրացման մասին՝ ՄԻՊ-ը նկատեց, որ հոգեբուժական կազմակերպությունների գերբնակեցումը գնահատելիս պետք է որպես չափանիշ հիմք ընդունել յուրաքանչյուր պացիենտին հասանելի բնակելի տարածության չափը, նրանց անձնական կյանքի և մյուս իրավունքների ապահովումը, արժանապատվության նկատմամբ հարգանքը, այլ ոչ թե մահճակալների թիվն ու դրանց զբաղված լինելու ցուցանիշը: Մինչդեռ ուսումնասիրված հոգեբուժական կազմակերպություններում արձանագրվել են դեպքեր, երբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձի համար ապահովվել է ընդամենը 2.6-3.6 քմ (Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ), 3.1-4.8 քմ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն) կամ 3.5-4.3 քմ (Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր) չափով բնակելի տարածք:

«Գերբնակեցվածության հետևանքով հոգեբուժական կազմակերպությունների հիվանդասենյակներում առկա են չափազանց խիտ դասավորված, իրար կիպ դրված, նույնիսկ իրար միացված մահճակալներ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ): Մտահոգիչ է նաև, որ կազմակերպություններում մահճակալները տեղադրված են եղել անմիջապես հիվանդասենյակի մուտքի մոտ՝ մասնակիորեն խոչընդոտելով պացիենտների մուտքը դեպի սենյակ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)»,- ասաց Պաշտպանը:

Շարունակում է մտահոգիչ մնալ այն, որ հոգեբուժական կազմակերպությունների հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումն ու խնամքը կազմակերպվում է միջանցքներում տեղադրված մահճակալներին: Մեկ այլ խնդիր է մեծ թվով պացիենտների կամ խնամարկյալների համատեղ կեցությունը մեկ հիվանդասենյակում: Արձանագրվել են 15.8-35.8 քմ մակերես ունեցող նման սենյակներ, որոնք նախատեսված են 6-12 անձ պահելու համար (Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ):

«2021 թ. ընթացքում ուսումնասիրված բոլոր հոգեբուժական կազմակերպություններում առկա է եղել շենքային պայմանների բարելավման և վերանորոգման կարիք: Այսպես, դիտարկված բոլոր հոգեբուժական կազմակերպություններում որոշ հիվանդասենյակների պատերի և առաստաղի ծեփամածիկը եղել է թափված, առկա է եղել վերանորոգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն»,- ասաց Արման Թաթոյանը:

Հարկ է ընդգծել, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնը տեղակայված է ՀՀ Գեղարքունիքի մարզում, որտեղ տարվա ընթացքում եղանակային պայմաններն ավելի ցուրտ են և խոնավ, իսկ հիվանդասենյակներում բետոնապատ կամ սալիկապատ (առանց ջեռուցման հատուկ համակարգի) հատակը չի նպաստում պացիենտների առողջության պահպանմանը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պացիենտներն այնտեղ բուժում և խնամք են ստանում տևական ժամանակ՝ մինչև իսկ 30 տարի:

Ինչ վերաբերում է մահճակալային ֆոնդին, ապա հարկ է նկատել, որ թեև նախորդ տարիների համեմատ հոգեբուժական կազմակերպությունների մահճակալային ֆոնդը որոշ չափով թարմացվել է, այնուամենայնիվ այցերի ընթացքում արձանագրվել են երկաթյա և հնամաշ մահճակալներ, ինչպես նաև վնասված և մահճակալների չափերին չհամապատասխանող ներքնակներ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ):

«Ուսումնասիրված հոգեբուժական կազմակերպությունների սանհանգույցները հիմնականում հարմարեցված չեն եղել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կամ հոգեմետ դեղորայք ընդունող պացիենտների տեղաշարժի համար՝ հավասարակշռության պահպանման հաշվառմամբ: Բաժանմունքների սանհանգույցներում զուգարանները մեծամասամբ միմյանցից որևէ կերպ առանձնացված չեն եղել, որոշ զուգարանակոնքեր չեն ունեցել նստատեղ: Սանհանգույցներում արձանագրվել են նաև ասիական տիպի զուգարաններ, իսկ հիգիենայի և անհրաժեշտ այլ պարագաները բացակայել են»,- ասաց ՄԻՊ-ը:

Ըստ նրա՝ հիվանդասենյակներում տեսախցիկների առկայությունն անթույլատրելի է և խախտում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնավոր կյանքի գաղտնիությունը:

Արման Թաթոյանը նշեց նաև, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքներից մեկի զբոսաբակում տեղադրված է եղել խմելու ջրով դույլ և մեկ մետաղական բաժակ, որից, ջուր խմելու նպատակով, օգտվել են բոլոր պացիենտները:

Մեկ այլ խնդիր է Սևանի հոգեկան առողջության կենտրոնի 6-րդ բաժանմունքի սանհանգույցի հոսող ջրի կառավարումը: Ըստ տեղեկությունների՝ հոսող ջուրը կառավարվում է բաժանմունքի խոհանոցից, ինչը հավելյալ դժվարություններ է առաջացնում: Նման պրակտիկան մտահոգիչ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս