Բաժիններ՝

«Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»․Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջած սավանով փաթաթում». ՀՀ ՄԻՊ

Հոգեբուժարանների խնդիրներին նվիրված իր այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսային վարակի հետ կապված հարցերին, զսպման միջոցներին և դեղորայքային հանդարտեցմանը, անչափահասների հոգեկան առողջության, բուժման խնդիրներին:

«Սևանի հոգեկան առողջության կենտրոնում այցի ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մոտ 37 և բարձր ջերմաստիճան արձանագրվելու պարագայում չի իրականացվել ՊՇՌ հետազոտություն, նույնիսկ, երբ նույն բաժանմունքում այդ օրերին արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք: Մասնավորապես, բաժանմունքներից մեկում երկու պացիենտ պարբերաբար ջերմել են, իսկ ևս երկուսը հաստատված թոքաբորբով տեղափոխվել են քաղաքացիական բժշկական հաստատություն, որտեղ բուժում են ստացել նոր կորոնավիրուսային հիվանդության կապակցությամբ: Սակայն վերը նշված ջերմող պացիենտների հիվանդության պատմագրերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անգամ բաժանմունքում տիրող նման իրավիճակում վերջիններս ՊՇՌ հետազոտություն չեն անցել»,- ասաց Պաշտպանը՝ հավելելով, որ Վարդենիսում չեն իրականացվել պատշաճ ջերմաչափումներ:

Անդրադառնալով հոգեբուժարաններում կիրառվող զսպման միջոցներին՝ ՄԻՊ-ը նշեց, որ գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր հոգեբուժարաններում օգտագործվել են օրենքով չնախատեսված մեխանիկական միջոցներ:

«Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»: Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջած սավանով փաթաթում: Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում»,- նշեց Պաշտպանը:

Ըստ նրա՝ մեկ այլ խնդիր է հոգեբուժարանների զսպման միջոցների հարմարավետության հարցը: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի որոշ բաժանմունքներում կիրառվող ֆիզիկական զսպման միջոցները, որոնք հիմնականում բաղկացած են միայն վերին վերջույթներն ամրակապող գոտիներից, հարմարավետ չեն եղել, դրանց արդյունավետությունը եղել է անբավարար, և վտանգը կանխելու նպատակով, երբեմն կարիք է եղել լրացուցիչ ֆիզիկական ուժ կիրառել: Նույն խնդիրն է արձանագրվել նաև Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, որտեղ օգտագործվել են սինթետիկ գոտիներ: Դրանց կիրառմամբ պացիենտների ֆիքսումը եղել է դժվար, և նրանք կարողացել են ինքնուրույն քանդել կապերը:

Հոգեբուժական կազմակերպություններում կամ առանձին բաժանմունքներում, Պաշտպանի խոսքով, առկա չեն ֆիզիկական զսպման համար առանձնացված սենյակներ:

«Օրինակ՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում բացակայել են խնամարկյալից բխող վտանգը կանխելու նպատակով զսպման միջոցներ կիրառելու համար առանձին սենյակները, և ֆիզիկական զսպումն իրականացվել է ընդհանուր հիվանդասենյակում՝ այլ խնամարկյալների ներկայությամբ:

Սևանի հոգեկան առողջության կենտրոնի միայն մեկ բաժանմունքում է եղել առանձնացված և կահավորված զսպման միջոցների կիրառման սենյակ, իսկ մնացած բաժանմունքներում զսպման միջոցները կիրառվել են հիվանդասենյակներում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այլ անձանց ներկայությամբ: Առանձին դեպքերում, օրինակ, «անկառավարելի վարքի» պարագայում պացիենտները դուրս են բերվել իրենց բաժանմունքներից և տեղափոխվել զսպման միջոցների կիրառման առանձնացված սենյակով ապահովված բաժանմունք: Պացիենտների տեղափոխմանը մասնակցել են նաև անվտանգության աշխատակիցները»,- օրինակները ներկայացրեց Արման Թաթոյանը:

Այլ պացիենտների տեսողության սահմաններում զսպման միջոցի կիրառման պրակտիկան անթույլատրելի է, և նշվածը խախտում է ՀՀ օրենսդրությանը: Պետք է բացառել այլ պացիենտների ներկայությամբ այդ միջոցների կիրառումը, ինչպես նաև ոչ բժշկական անձնակազմի ոչ հիմնավոր միջամտությունը:

ՄԻՊ-ը նշեց նաև, որ հոգեբուժական կազմակերպություններում զսպման միջոցներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆիզիկական զսպման միջոցները չեն արձանագրվում մատյաններում (Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի որոշ բաժանմունքներ, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի մեկուսացման սենյակ): Ավելին, ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների կիրառման և դեղորայքային հանդարտեցման արձանագրման համար Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բաժանմունքներում վարվել են «Հոգեկան հիվանդների ֆիզիկական զսպման» և «Դեղորայքային հանդարտեցման մեթոդների կիրառման» գրանցման տետրեր, որոնք չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջներին:

Անդրադառնալով դեղորայքային հանդարտեցմանը՝ Պաշտպանը նշեց, որ այդ միջոցը 2021թ. ընթացքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ որպես զսպման միջոց՝ hոգեբուժարաններն ավելի հաճախ են կիրառել:

«Հոգեբուժարաններում արձանագրվող խնդիրներից է նաև դեղորայքային զսպման միջոց օրենքով չնախատեսված դեղամիջոցների կիրառումը: Գործնականում չեն պահպանվում ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջները: Ավելին, օրինակ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալի նկատմամբ, որպես դեղորայքային զսպման միջոց, կիրառվել է դեղամիջոց, որը ներառված չէ նախարարի հրամանի ցանկում: Այդ դեղամիջոցը նախատեսված չէ նույնիսկ ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի հրամանով»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 2018 և 2021թթ. ընդունվել են լիովին նոր հրամաններ:

Արման Թաթոյանի պնդմամբ՝ շարունակում է մտահոգիչ մնալ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցների զուգակցված կիրառումը՝ առանց դրա պատշաճ հիմնավորման: Նաև դեղորայքային հանդարտեցման միջոցի կիրառման պարագայում պացիենտները պատշաճ զննության չեն ենթարկվում, խախտվում են օրենսդրության պահանջները:

«Հոգեբուժարաններում շարունակում է նաև մտահոգության առարկա լինել ժամկետանց դեղերի առկայությունը, ինչպես նաև դեղերի պահման ռեժիմի և պայմանների խախտումները: 2021 թ. այդպիսի դեպքեր հայտնաբերվել են դիտարկված բոլոր հոգեբուժարաններում: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքներից մեկում բժշկական անձնակազմի համար առանձնացված սենյակի դեղապահարանում հայտնաբերվել է 1 տուփ (18 հաբ) ժամկետանց դեղորայք՝ «Մեզիմ ֆորտե», որի պիտանելիության ժամկետն անցած է եղել չորս ամիս առաջ»,- ասաց Պաշտպանը:

Շարունակելով օրինակների ներկայացումը՝ ՄԻՊ-ն ասաց՝ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ընդունարանի դեղապահարանում հայտնաբերվել է 1 տուփ (5 սրվակ) «Դեքսամետազոն» դեղամիջոց, որի պիտանելիության ժամկետը սահմանված է եղել մինչև 2021 թ. հուլիս ամիսը։ Ավելին, դեղատան փաստաթղթերի համաձայն՝ 2021 թվականի հունիսի 30-ին կազմակերպվել է ժամկետանց դեղերի հաշվառում, որտեղ արձանագրվել են «Ստրոֆանտին» և «Դեքսամետազոն» դեղամիջոցների սրվակներ, որոնց ժամկետը նույնպես սահմանված է եղել մինչև 2021 թվականի հուլիս ամիսը: Դեղը չի հաշվառվել և չի խոտանվել:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մուտքի մոտ արձանագրվել են ժամկետանց բժշկական պարագաներ՝ ստերիլ դիմակներ:

Ըստ նրա՝ մեկ այլ խնդիր է հոգեբուժական կազմակերպություններում դեղորայքի պահման սանիտարահիգիենիկ անբավարար պայմանները:

Այսպես՝ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր այցի ընթացքում արձանագրվել է, որ բաժանմունքի միջամտությունների սենյակում ամենօրյա տրամադրվող դեղերը պահվել են բաց պահարանում՝ կտրած դեղաթիթեղներով կամ առանց փաթեթավորման դեղահաբերով:

Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքներից մեկում ամենօրյա օգտագործվող դեղորայքը պահվել է ավագ բուժքրոջ սենյակում՝ բաց տուփով: Որոշ դեղահաբեր պահվել են դեղաթիթեղից դուրս՝ դեղատուփի մեջ, որի արդյունքում չի ապահովվել դեղամիջոցի պատշաճ պահպանումը: Բաժանմունքի դեղապահարանում առկա է եղել նաև յոդի լուծույթի սրվակ, որի կափարիչը եղել է վնասված:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի դեղատանն առկա են եղել առանձնացված պոլիէթիլենային տոպրակով դեղահաբեր, որի վրա ամրագրված չի եղել դեղի անվանումը և պիտանելիության ժամկետները, ինչի արդյունքում հնարավոր չի եղել պարզել տվյալ դեղորայքի պիտանելիության ժամկետը, հետևաբար, նաև հսկողություն իրականացնել ժամկետանց դեղորայքը բացառելու նկատմամբ: Նման մոտեցումն անթույլատրելի է:

«Ուսումնասիրված բոլոր հոգեբուժական կազմակերպություններում տարբեր բաժանմունքների դեղապահարաններում առկա են եղել բազմաթիվ կտրած դեղաթիթեղներ, որոնց ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է: Սա խնդրահարույց է դեղորայքի պիտանելիության ժամկետների վերահսկողության տեսանկյունից»,- նշեց Արման Թաթոյանը:

Պաշտպանն ասաց նաև, որ Մշտադիտարկումների արդյունքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրվել են նաև դեղորայքի հաշվառման հետ կապված խնդիրներ:

Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքների մատյաններում դեղերի մնացորդների քանակներն արձանագրվել են բազմաթիվ ջնջումներով և ուղղումներով, դրանք տարբեր բաժանմունքներում վարվել են տարբեր սկզբունքներով, երբեմն դեղորայքի քանակական հաշվառման տվյալները բուժաշխատողի ստորագրությամբ չեն հաստատվել, ինչը նույնպես կարող է հանգեցնել չարաշահումների:

Արման Թաթոյանի խոսքով՝ շարունակվում է խիստ մտահոգիչ մնալ դեղերի գնման գործընթացի կազմակերպման մատչելիությունը:

«Մեր այցի պահին, օրինակ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում գրեթե սպառված են եղել թերապևտիկ նշանակության դեղամիջոցները, սակայն, ըստ բժշկական անձնակազմի, նոր խմբաքանակ պատվիրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բավարար չեն եղել:

Հարկ է ընդգծել, որ դիտարկված բոլոր հոգեբուժական կազմակերպություններում նոր սերնդի հոգեմետ դեղամիջոցները բացակայել են կամ օգտագործվել են սահմանափակ քանակությամբ և տեսականիով»,- ասաց Պաշտպանը:

ՄԻՊ-ի տեղեկացմամբ՝ հոգեբուժական կազմակերպություններում դեղերի գնումն իրականացվում է կենտրոնացված մրցութային սկզբունքով՝ նախնական կանխատեսված դեղատեսակներով և դեղաքանակներով: Սակայն այն դեպքում, երբ անհրաժեշտ դեղորայքն ավարտվում է, կամ առաջանում է այնպիսի դեղերի անհրաժեշտություն, որը կանխավ հնարավոր չի եղել պլանավորել (օրինակ՝ հորմոնային, հակաբորբոքային քսուքներ, դեղամիջոցներ և այլն), կազմակերպությունը չի կարողանում ժամանակին դրանք ձեռք բերել և կազմակերպել պացիենտների ու խնամարկյալների արդյունավետ բուժումը:

«Արձանագրվել է հոգեբուժարաններում խնամքի և բուժման նպատակով գտնվող պացիենտների նկատմամբ չհիմնավորված բազմադեղաբուժության (դեղորայքային համակցումների) կիրառման պրակտիկա:

Պացիենտներին հաճախ միաժամանակ նշանակվում է մեկից ավելի հակափսիխոտիկ դեղորայք՝ առանց պատշաճ հիմնավորման՝ չներառելով պացիենտի հոգեկան վիճակի օբյեկտիվ նկարագրությունը և տվյալ դեղորայքի կամ դրանց զուգակցման անհրաժեշտությունը:

Սևանի հոգեկան առողջության կենտրոն ընդունված պացիենտին միաժամանակ նշանակվել է հակափսիխոտիկ երեք դեղորայք՝ «Հալոպերիդոլ», «Տրիֆտազին», «Ազալեպտին»: Ընդ որում, նշանակված հակափսիխոտիկ դեղորայքից երկուսը դասվում են առաջին սերնդի նեյրոլեպտիկների շարքին, որոնք պացիենտն ընդունել է տևական ժամանակ»,- ասաց Պաշտպանը և նշեց, որ շարունակում է մտահոգիչ մնալ ոչ միայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նեղ մասնագիտական, այլ նաև հոգեբույժների խորհրդատվությունների ոչ պատշաճ և ժամանակին կազմակերպումը, ինչը կարող է առաջացնել ծանր հետևանքներ:

Լուրջ խնդիր է նաև բազմամասնագիտացված բժշկական հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ստացիոնար բուժման կազմակերպման հետ կապված հարցերը: Կան դեպքեր, երբ նշված բժշկական հաստատություններում հրաժարվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անհրաժեշտ ժամանակով ապահովել պատշաճ խնամքով կամ պահանջում են բուժքրոջ ծառայության ապահովումը հոգեբուժական կազմակերպության կողմից: Լրացուցիչ ծառայությունների մատուցման դժվարությունների պատճառով երբեմն պացիենտները դժվարությամբ են ընդունվում բժշկական կենտրոններ կամ դուրս են գրվում՝ առանց վերջնական ապաքինման:

«Մենք ուշադրության ներքո են եղել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների, այսինքն՝ երեխաների հոգեկան առողջության հարցերը: Գովելի է, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում շահագործվել է ստացիոնար հոգեբուժական օգնություն ու սպասարկում իրականացնող մանկական բաժանմունք, որը նախատեսված է 12 անչափահաս անձանց հիվանդանոցային սպասարկման համար: Նման առաջարկ մենք արել էինք»,- ասաց Արման Թաթոյանը:

Ըստ Պաշտպանի՝ սակայն, շարունակում է խնդրահարույց մնալ մարզերում [հեռավոր] բնակվող անչափահասների ստացիոնար հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումը: Մարզերում տեղակայված հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների ստացիոնար պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրել չեն կարող, քանի որ չունեն համապատասխան պայմաններ և արտոնագիր:

«Մարզերում բնակվող անչափահասների սուր հոգեբուժական ախտանիշների պարագայում, երբ անհրաժեշտություն է առաջանում ստացիոնար պայմաններում հետազոտման կամ բուժման, պացիենտները տեղափոխվում են Երևան: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասի տեղափոխումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության տրանսպորտային միջոցով, որի համար վճարվում է պատկառելի գումար (օրինակ՝ Վանաձորից-Երևան՝ 75.000 ՀՀ դրամ): Նշվածը ոչ միայն ֆինանսական դժվարություններ է ստեղծում, այլ նաև առաջացնում է սոցիալական մի շարք խնդիրներ թե՛ անչափահասի, թե՛ նրա ընտանիքի կամ ազգականների համար (օրինակ՝ անչափահասի խնամքի կազմակերպում, ընտանիքից հեռու գտնվել և այլն):

Այս պատճառով հանդիպում են դեպքեր, երբ անչափահասի ազգականները, սոցիալական խնդիրներով պայմանավորված, չեն կարողանում երեխային տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություն և միայն ծայրահեղ դեպքում են դիմում հոգեբույժների օգնությանը»,- նշեց նա:

Խնդիրներ են արձանագրվել նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մանկական բաժանմունքում, որտեղ նախատեսված է եղել ընդամենը 3 հիվանդասենյակ, և այցի պահին բոլոր մահճակալները եղել են զբաղված։ Հատկանշական է, որ 10-13 տարեկան պացիենտների բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվել է ընդհանուր հիվանդասենյակում՝ առանց սեռերի բաժանման, որի արդյունքում իգական սեռի անչափահասները կաշկանդված են եղել համատեղ կենցաղավարության պայմաններում։ Որոշ պացիենտների հետ հիվանդասենյակներում բնակեցվել են նաև նրանց ծնողները, ինչն առաջացրել է լրացուցիչ գերբեռնվածություն:

«Այցի պահին մանկական բաժանմունքում առանձնացված չի եղել զսպման համար նախատեսված սենյակ, և այն իրականացվել է հիվանդասենյակներից մեկում՝ մյուս պացիենտներին դուրս բերելու պայմանով: Նշվածը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում պացիենտների զսպումը ժամանակին և արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից։

Չնայած «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արդեն իսկ գործում է մանկական հոգեբուժական բաժանմունք, այնուամենայնիվ, այնտեղ իրականացվում է միայն հոժարակամ և ոչ հոժարակամ բուժում, և դեռևս խնդրահարույց է մնում անչափահաս անձանց հարկադիր բուժման կազմակերպման ընթացակարգը»,- եզրափակեց Արման Թաթոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս