«Վարչապետի Գավաթ» մրցաշար՝ պարալիզացված աշխատանքներով Վարդենիս համայնքում

Վարդենիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի  ՏԻՄ ընտրություններից հետո համայնքի ավագանին, ըստ էության, դեռ չի գործում, համայնքապետարանի աշխատանքը, կարելի է ասել,  պարալիզացված է, սակայն դա չի խանգարում, որ համայնքում հունվարի 26-ին «Վարչապետի գավաթ» մրցաշար անցկացվի։

Հիշեցնենք, որ Վարդենիսի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էին, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել էին և ունեին ընդհանուր թվով 14 մանդատ: Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի էր ունեցել ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, և Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում՝ որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։

Այդուհանդերձ, «Վարչապետի գավաթ» մրցաշարն անցկացվելու է,  հայտարարությունն արդեն տեղադրված է Վարդենիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում, որին կից ներկայացված են համայնքային և մարզային փուլերի ժամանակացույցը․

«Վարդենիս խոշորացված համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը երկու փուլերով՝ համայնքային և մարզային:

Ցանկացողները կարող են դիմել «Վարդենիսի թիվ 1 մարզադպրոց»:

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի Սևան քաղաքում տեղի ունեցավ «Վարչապետի գավաթ» հեծանվավազքը, ընդամենը 1 ամիս անց Երևան-Էջմիածին մայրուղում անցկացվեց «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքը, վերջինի համար բյուջեից 35 միլիոն դրամ էր հատկացվել։

Նարեկ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31