Երեք տարի պատգամավոր աշխատած նախարարն ասում է՝ առաջին անգամ էի զեկուցում, հուզված էի

Այսօր խորհրդարանում երեկվա իր տարօրինակ պահվածքի բացատրությունն է տվել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Հիշեցնենք, որ երեկ, երբ նախարարը ներկայացնում էր «Հարկային օրենսգրքում» նախատեսված փոփոխությունները, տարօրինակ պահվածք դրսևորեց. Անհարկի ժպտում էր, հոգոց հանում, ծիծաղում, բառերն ու նախադասությունները շփոթում:

«Ես չէի մտածում, որ իմ ժպտալն այդքան մեկնաբանությունների առիթ կտա: Առաջին անգամ էր՝ զեկուցում էի, մի փոքր հուզված էի: Իմ պաշտոնավարման օրը կլրանա, նոր բոլոր ձեզ հետաքրքրող հարցերին կպատասխանեմ:  Ես կաշխատեմ, ձեզ հետ կշփվեմ, դուք ձեր հարցերն ինձ կտաք, ես կպատասխանեմ: Ինձ համար տարօրինակ էր, որ ժպտալս նման մեկնաբանությունների տեղիք տվեց, տարատեսակ մեկնաբանություններ հնչեցին, անհասկանալի է, ինչո՞ւ: Առաջին ելույթս էր, հետայսու կերևա, այդպես կլինի՞, թե՞ ոչ: Կարծում եմ՝ ժպտալը նման մեկնաբանությունների տեղիք չպետք է տար»,- նշել էր Հակոբ Սիմիդյանը:

Հակոբ Սիմիդյանը երևի մոռանում է, որ 2018-2021թթ պատգամավոր է եղել ՀՀ Ազգային ժողովում: Իսկ այսօրվա նրա «բացատրությունը» երկու բան կարող է նշանակել՝ կամ Հակոբ Սիմիդյանը ստում է, կամ 3 տարի շարունակ փող է ստացել ոչ մի բան չանելու համար, եթե 3 տարում երբևէ ԱԺ ամբիոնի մոտ ելույթ չի ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս