Պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում եմ ես՝ անկախ նրանից՝ ո՞վ է բանակցում՝ Ռուբինյանը, թե՞ ոչ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումն ո՞վ է կայացրել, ինչի՞ հիման վրա է կայացրել, ի՞նչ լիազորություններ ունի հատուկ ներկայացուցիչը, հարցերին զուգահեռ՝ պատգամավորը նաև դրանց առնչվող որոշ պարզաբանումներ ներկայացրեց.

«Ինչի՞ հիման վրա է կայացվել, որովհետև նույնիսկ պարզ, քաղաքագիտական ձևակերպումը հետևյալն է՝ պաշտոնական անձ ներկայացուցիչը, որը մշտապես կամ ժամանակավորապես նշանակմամբ կամ ընտրության հիման վրա վարձատրությամբ կամ հասարակական կարգով իրականացնում է և այլն, ու վերջում՝ հատուկ լիազորությամբ։ Կա՞ որևէ սահմանված, փաստաթղթի հիման վրա՝ Ռուբեն Ռուբինյանի լիազորությունները, Ռուբեն Ռուբինյանի պարտականությունները, Ռուբեն Ռուբինյանի առաքելության նպատակը և Ռուբեն Ռուբինյանի ամեն անգամ հանդիպումներից հետո հաշվետվողականության ձևաչափը, որովհետև վարչապետի հրամանագրով բոլոր գործուղումների հանձնարարությունների վերջում շատ հաճախ կա՝ եռօրյա ժամկետում ներկայացնել հաշվետվություն։ Մենակ խնդրում եմ չասել՝ Ռուբեն Ռուբինյանի՝ հատուկ ներկայացուցիչ լինելու հանգամանքը կարգավիճակ չէ, այլ գործառույթ, հակառակ դեպքում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանգամանքը խիստ տարբեր են մակարդակներով և հավասարը հավասարին չեն բանակցում, որովհետև Ռուբեն Ռուբինյանը Մոսկվայում կամ վաղը գուցե Փարիզում հանդիպելու է Թուրքիայի նախագահի կողմից հրամանագրով նշանակված հատուկ ներկայացուցչի հետ, ինքը, ըստ Կառավարության, եթե այդպես է ասում՝ չունենալով որևէ կարգավիճակ որևէ պաշտոնապես հրամանագրման որևէ փաստաթուղթ»։

Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումն ինքն է կայացրել․

«Կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին, նաև մեծ հաշվով՝ ՀՀ ժողովրդին»։

Գեղամ Մանուկյանը հարցը հստակեցրեց, արդյոք կա՞ որևէ գրավոր փաստաթուղթ․

«Ինչպես մեր եռամյա դառը կյանքը ցույց տվեց, Աստված մի արասցե, չեմ ուզենա հավատալ, բայց վաղը Ռուբեն Ռուբինյանն այդ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցչի հետ վտանգավոր որևէ համաձայնություն կայացրեց, կներեք՝ ինքնագլուխ կայացրեց, հետո հասարակությունն ընդվզեց, քաղաքական մեծամասնությունն ընդվզեց․ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որևէ թուղթ չկա։ Մի անգամ տեսել ենք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ, այդ ժամանակ էլ չի կարող ասել, որովհետև Ռուբեն Ռուբինյանը չի կարող ցույց տալ թուղթ, որ՝ գիտե՞ս, Նիկոլ Փաշինյան, դու ես Ռուբեն Ռուբինյանին գործուղել։ Միակ մեղավորը երևի մնում է Ալեն Սիմոնյանը, որ իր կարգադրությամբ ԱԺ փոխնախագահն է գործուղվում»։

Արձագանքելով պատգամավորի դիտարկմանը, Փաշինյան հայտարարեց՝ անկախ նրանից, թե ով կբանակցի, ով կլինի բանակցողի կարգավիճակում, գործընթացի ամբողջ պատասխանատվությունն ինքն է կրում․

«Ստեղ էս ինչի՞ մասին եք խոսում, ով ուզում է լինի։ Ես Ռուբեն Ռուբինյանին օժտել եմ նաև այդ լիազորություններով՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ ես էնտեղ նրա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը պիտի կրե՛մ և ես էդպես վարվել եմ, որ հանկարծ մի հատ թաքնված, գաղտնի կուսակցականի այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն՝ գա ու զեկուցի, ենթադրենք, այլ երկրների ազդեցության գործակալներին։ Ես եմ կրում պատասխանատվություն, ի՞նչ խնդիր կա, լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը և կրելու եմ պատասխանատվությունը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս